Մատչելիության հղումներ

Հաշմանդամություն ունեցող աղջկա միակ խնամակալ հայրը՝ կալանավոր. ըստ փաստաբանի՝ Գյումրու դեպքերի մասնակից չէ, «դեղ գնելու էր գնացել»


Հոկտեմբերի 20-ին հաշմանդամություն ունեցող դստեր համար դեղ գնելու նպատակով տնից դուրս եկած Ռաֆիկ Հակոբյանը անարդարացիորեն հայտնվել է մեղադրյալի ու կալանավորի կարգավիճակում, հայտարարում է տղամարդու փաստաբանը:

60-ամյա Ռաֆիկ Հակոբյանը փաստաբան Արտուշ Հակոբյանի խոսքով, ընդհանրապես կապ չունի Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը տեղի ունեցած իրադարձությունների հետ և ձերբակալվել, ապա կալանավորվել է մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա: Փաստաբանն ընդգծում է. «Պատահաբար հայտնվել է այդ վայրում և անհիմն, առանց որևէ իրավական հիմքերի ձերբակալվել է, և վերջինիս մեղադրանքը առայժմ այս պահին բացառապես հիմնավորվում է ոստիկանության աշխատակցի ցուցմունքով, ով շահագրգիռ անձ է, այլ ապացույց, որը հիմնավորում է անձանց մասնակցությունը ենթադրյալ հանցավոր դեպքերին, առկա չէ»:

Փաստաբանը պնդում է՝ թեև դատարանին ներկայացրել են հիմնավոր փաստաթղթեր, որ Ռաֆիկ Հակոբյանը խնամքին ունի մանկուց հաշմանդամություն ունեցող երեխա ու վերջինս տեղաշարժվելու խնդիր ունի, բայց դատարանը ամենախիստ խափանման միջոցն է ընտրել՝ կալանք:

«Խնամքին է գտնվում 30-ամյա դուստրը, ով ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, հաշվառված է նաև «Գյումրու հոգեկան առողջության» կենտրոնում որպես հոգեկան հիվանդ և ունի նաև հենաշարժողական խնդիրներ: Կոնկրետ նշված է իր հաշմանդամության քաղվածքի մեջ, որ անձը ունի կողմնակի անձի կարիք: Բոլոր փաստական տվյալները ներկայացվել է դատարանին, սակայն, դատարանն, այնուամենայնիվ, այդ հանգամանքներին չանդրադառնալով կամ անդրադառնալու պարագային ոչ ճիշտ իրավական գնահատական տալով, գտել է, որ վերջինիս նկատմամբ պետք է ընտրվի ամենախիստ խափան միջոցը», - ասում է փաստաբան Արտուշ Հակոբյանը:

Հակոբյանները սոցիալական ծանր պայմաններում են ապրում և այս պահին հաշմանդամություն ունեցող դուստրը փաստացի մնացել է առանց խնամակալի: Փաստաբանը շեշտում է. «Քանի որ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի, և միակ մարդը հայրն էր, այսինքն՝ կալանավորված անձը, ով կարող էր իրականացնել այդ հաշմանդամ անձի խնամքը։ Սակայն դատարանը ընդհանրապես էայդ հանգամանքներին որևէ անդրադարձ չի կատարել»:

Խափանման միջոցի վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, բայց դեռ որոշում չկա: Գյումրիի գործով 43 մեղադրյալ կա, կալանքի տակ է նրանցից 26-ը: Փաստաբան Հայկ Հարությունյանը 6 պաշտպանյալ ունի: Վերջինս նշում է, թե զավեշտի հասնող հիմնավորմամբ են օրինակ՝ քաղաքապետարանի Կոմունալ ծառայության և միկրոավտոբուսի աշխատակիցների ձերբակալել, ապա կալանավորել:

«Մեղադրանք են առաջադրել զանգվածային անկարգությանը օժանդակելու համար այնքանով, որքանով որ իբր իրենք իրենց ներկայությամբ օժանդակել են այլ մասնակիցներին կատարել զանգվածային անկարգություն, այսինքն՝ եթե իրենք այդտեղ չլինեին, օրինակի համար, մեղադրանքի էությունը այդպես է կայանում էլի, այդ զանգվածային անկարգության մասնակիցները հնարավոր է չկատարեին դա՝ տեսնելով իրենց վստահություն է ներշնչվել իրենց մեջ և կատարել են այդ գործողությունները։ Իրենք որևէ գործողություն չեն կատարել»:, - ասում է փաստաբան Հայկ Հարությունյանը:

Ըստ փաստաբանի՝ վարորդ կա, որին ձերբակալել են քաղաքապետարանից բավականին հեռու, օրինակ՝ Սայաթ Նովա փողոցից. «Հրապարակից մի քիչ հեռու էին ձերբակալել, այդպիսի քաղաքացիներ կային նաև, որ նույնիսկ հրապարակից հեռու են եղել, բայց իրենց ենթադրություններով, որ գնում են օժանդակեն այդ քաղաքացիներին, դրա համար այդպիսի մեղադրանքներ են առաջադրել»:

Փաստաբանները նշում են, որ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա են չորս տասնյակից ավելի մարդկանց մեղադրանք առաջադրվել: Թեև կան բազմաթիվ տեսագրություններ, որտեղ երևում է, թե ովքեր են բերման ենթարկում տվյալ անձին, բայց, ըստ Հակ Հարությունյանի, այլ ոստիկան է ցուցմունք տալիս, որ ինքն է տեսել ու ձերբակալել:

Փաստաբանի խոսքով.- «Ակնհայտ երևում է, որ տվյալ ոստիկանը տվյալ հատվածում ընդհանրապես չէ, այլ իրեն ձերբակալում են այլ ստորաբաժանման աշխատակիցներ, մասնավորապես կարմիր բերետավորների աշխատակիցները, բայց ոստիկանները այնպես են նշել, իբր՝ անմիջապես իրենք են ձերբակալությունը իրականացրել, որը իրականության հետ աղերս չունի»:

Մեկ ոստիկանի ցուցմունքնով անձին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ և՛ Եվրադատարանը և՛ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշումներ ունեն:

«Մենք վկայակոչում ենք Մարտի 1-ի գործով որոշումը, և՛ Վճռաբեկ դատարանի, և՛ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումը, ընդհուպ նաև նախադեպային որոշում կա հենց Նիկոլ Փաշինյանի մասով, որ մենք վկայակոչում ենք, որ նույն իրավիճակն է, երբ հավաքների մասնակիցներին առաջադրում են մեղադրանք, զանգվածային անկարգություն և նախադեպային որոշումներով, դա ընդունելի չէ», - ասում է փաստաբանը:

«Եթե մեղադրանքները չվերանայվեն ու մնան մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, ապա հետագայում Եվրադատարանում դրանք ընդդեմ ՀՀ-ի որոշումներ կայացնելու հիմքեր կդառնան»,- պնդում է փաստաբանը:

«Ազատության» ռեպորտաժը՝ ստորև.

Ուղիղ հղում
XS
SM
MD
LG