«Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինության վաճառքը հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին», -APA գործակալության փոխանցմամբ, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Սպառազինման ֆրանսիական քաղաքականությունը խթան կհանդիսանա Հայաստանում գործող ռևանշիստական ուժերի համար։ Հայաստանին մահաբեր զենքերի մատակարարումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի», - նշել է Հաջիևը՝ հավելելով․ - «Հայաստանն այն երկիրն է, որ Հարավային Կովկասում ագրեսիա և զավթում է իրականացրել։ Նման պետության զինումն անթույլատրելի է»։
Հայաստանն ու Ֆրանսիան երեկ հայտարարեցին, որ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։
Բաքուն դատապարտեց այդ գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։
Հայաստանի արտգործնախարարությունն էլ արձագանքեց՝ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։