Մատչելիության հղումներ

Հանրային հեռարձակողի խորհուրդը պաշտպանում է ամանորյա ուղերձների ժամերի ընտրությունը


Հանրային հեռարձակողի խորհուրդը հիմնավոր է համարում դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք:

Խորհուրդն իր ծավալուն հայտարարության մեջ տեղեկացնում է, որ անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած այդ հարցին, և ընդգծելով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ», հաստատելով, որ «գործնականում Հանրային հեռարձակողի խորհուրդը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջն իրականացնում է երկու հանրային («Առաջին ալիք» և հոգևոր-մշակութային «Շողակաթ») հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի՝ բազմազանությունն ապահովող տեսալսողական ծրագրերի միջոցով», կարևորում է հանրային հեռարձակողների անկախությունը ինչպես պետական, այնպես էլ կրոնական, առևտրային և այլ կազմակերպություններից և ազդեցիկ անհատներից, վերահաստատում հանրային հեռարձակողների իրավունքը՝ ինքնուրույն վարելու խմբագրական քաղաքականություն և որոշելու հանրության տեղեկատվական կարիքներն ու լսարանի նախասիրությունները:

Խորհուրդը հավաստիացել է, որ «Հանրային «Առաջին ալիք», հանրային հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոընկերությունը ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերը որոշելիս առաջնորդվել են յուրաքանչյուրն իր ծրագրային բազմազանությամբ ձևավորված լսարանի նախասիրություններով, ինչպես նաև պահպանել են կարևոր իրադարձության և պաշտոնական հաղորդագրության համար նախատեսված օրենսդրական կարգավորումները»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երեկ հայտարարեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին ժամը 21:55-ին, և որ ինչպես նախորդ տարի, այս տարի էլ առարկություն ունենալով ժամի ընտրության հետ՝ նպատակահարմար չեն համարում Գարեգին երկրորդի ուղերձի հեռարձակումը Հանրայինով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG