2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Կառավարությունը պետական միջոցների հաշվին մի հիմնադրամ է ստեղծում, որը հեռուստաալիքներին դրամաշնորհներ պետք է տրամադրի «հանրօգուտ» մեդիաբովանդակություն ստեղծելու համար:
Գործադիրը վստահեցնում է՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակողներին գումար տրամադրելիս խմբագրական քաղաքականության նկատմամբ միջամտության փորձերը պետք է բացառել, մեդիա փորձագետները, մինչդեռ, արդեն թերահավատ են:
«Մենք առայժմ չունենք այն ժողովրդավարական ավանդույթները, երբ իշխանությունը տրամադրում է գումարը և ամենևին չի խառնվում, թե ինչպես են դրանք բաշխվում և ինչ չափանիշներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Որոշումն ընդունվեց Կառավարության վերջին նիստին: Թե որքան կկազմի հիմնադրամի բյուջեն, ինչ ընթացակարգով ու պայմաններով են ստանալու այդ միջոցները, առայժմ պարզ չէ. հրապարակված պաշտոնական փաստաթղթերում հստակեցումներ չկան:
Նախաձեռնության վերաբերյալ վարչապետն էլ հարցեր ուներ, որոշումը կստորագրի համապատասխան լրացումներից հետո:
«Հարցը դրվում է քվեարկության, ըստ այդմ՝ ովքե՞ր են դեմ որոշման ընդունմանը՝ լրամշակումով: Դեմ չկա, որոշումն ընդունված է; Մինչև ստորագրելը, եկեք պայմանավորվենք, որ կհամոզվենք, որ էդ կարգավորումները արել ենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ո՞րն է հանրօգուտ բովանդակությունը. ըստ Կառավարության՝ դրանք մշակութային, կրթական, մանկական հաղորդումներն են: Հիմնադրամի վերաբերյալ այս պահին հասանելի փաստաթղթերում առկա որոշ մանրամասներ, սակայն, փորձագետների մոտ հարցեր են առաջացնում:
Հիմնադրամի կանոնադրության հենց այն կետում, որտեղ խմբագրական քաղաքականությանը չմիջամտելու մասին է նշված, գրված է՝ ստեղծվող կառույցը կողմերի միջև կամուրջ պետք է լինի, որի շնորհիվ «պետությունը կհանրայնացնի կարևոր ուղերձները»:
Գումարի դիմաց հեռարձակողները ուղերձնե՞ր էլ պետք է հրապարակեն. այս հարցի պատասխանը փաստաթղթերում չգտանք: Արդյոք դրանց թվում կարող են լինել վարչապետի հռչակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, կամ նրա կնոջ նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման թեզերը, պարզ չէ:
Մինչ այդ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հակասություն է տեսնում. - «Եթե այդ հիմնադրամը ֆինանսավորելու է հանրօգուտ ինֆորմացիան, տեղեկատվությամբ է հետաքրքրված, և եթե այդտեղ պետք է քաղաքական հարցեր չշոշափվեն, չէ՞ որ խոսքը գնում է մշակույթի, տարբեր գիտական հաղորդումների մասին, և այլն, ապա քաղաքական ուղերձները այստեղ պետք է որ տեղ չգտնեն»:
Ովքե՞ր են կառավարելու ստեղծվող կառույցը. ընդունված, բայց դեռ չստորագրված որոշմամբ՝ հիմնադրամի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի նախկին իշխանական պատգամավոր Վահագն Թևոսյանը: Նա մինչ այս Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր՝ մի մարմնի, որը վերջին տարիներին տարբեր սկանդալների կիզակետում հայտնեց, նրանց մեղադրում էին իշխանահաճո որոշումներ կայացնելու մեջ: Թևոսյանի կինն էլ Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարն է:
«Հանրօգուտ մեդիամիջավայր» անունը ստացած հիմնադրամը հոգաբարձուների խորհուրդ է ունենալու՝ 7 անդամներով, որոշումներն ընդունվելու են ձայների մեծամասնությամբ: Նրանցից 5-ին Կառավարությունն է առաջադրելու, մյուս 2-ին՝ Ազգային ժողովի կրթության հանձնաժողովն ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Խորհրդի վերջնական կազմն էլ կհաստատի անձամբ վարչապետը:
Չնայած մտահոգություններին, ոլորտը վերահսկող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն խորհրդարանում իր զեկույցը ներկայացնելիս վստահեցրեց, թե քաղաքական որևէ նպատակ չկա:
«Դա տենդերի միջոցով բաժանվելու է բոլոր գործող հեռուստաընկերությունների միջև, որի շնորհիվ հեռուստաընկերությունները կկարողանան ստեղծել հանրօգուտ բովանդակություն, հանրօգուտի տակ մենք ի նկատի ունենք մանկական, մշակութային, կրթական և սպորտային որակյալ հաղորդումներ: Եվ սա համաշխարհային պրակտիկա է», - հայտարարեց Հակոբյանը:
Նման հիմնադրամ ստեղծելու հարցը մեդիա ոլորտի ներկայացուցիչների՝ լրագրողական կազմակերպությունների հետ չի քննարկվել, ընդգծում է Աշոտ Մելիքյանը:
«Իշխանությունները չեն խորհրդակցել լրագրողական կազմակերպությունների հետ և չեն ճշտել, թե որքանով է, այնուամենայնիվ, նպատակահարմար այդպիսի գաղափարի իրականացումը», - ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Մելիքյանն ընդգծում է՝ իրենց բազմաթիվ հարցերի պատասխաններ առայժմ չունեն: