Ֆրանսիայում համազգային ցույցեր, գործադուլներ են ընդդեմ նախագահ Էմանյուել Մակրոնի բյուջետային քաղաքականության, իրավապահներն ակնկալում են զանգվածային ակցիաներ, քաոս, բախումներ։
Նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ Մակրոնի կառավարության յոթերորդ ղեկավարը, պաշտոնը ստանձնեց անցյալ շաբաթ՝ խոստանալով մի կողմ դնել դժգոհության ալիք բարձրացրած նախորդների քաղաքականությունը և իր հետագա քայլերը մշակել ստեղծված ճգնաժամին համարժեք։
Պաշտպանության նախկին նախարարի ո՛չ նշանակումը, ո՛չ էլ թարմ խոստումները չեն մեղմել արհմիությունների և ձախերի զայրույթը․ վերջիններս շարունակում են դատապարտել նախորդ վարչապետ Ֆրանսուա Բայրուի 44 միլիարդ եվրոյի խնայողություններ նախատեսող բյուջեի նախագիծը՝ համոզված լինելով, որ այդ խնայողություններն ի վերջո արվելու են խոցելի խավի հաշվին։ Նորանշանակ վարչապետը որպես զիջում խոստացել է վերացնել ֆրանսիական կառավարության ղեկավարների համար նախատեսված ցմահ արտոնությունները, ինչպես նաև չեղարկել երկու պետական տոն։
Մեկը մյուսին փոխարինող տարբեր վարչապետերի նույն քաղաքականության դեմ Ֆրանսիայի արհմիությունները համազգային ակցիաներ են նախաձեռնել:
Այսօր՝ դրա առաջին օրը, գործադուլին արդեն միացել է ուսուցիչների մոտ մեկ երրորդը, փակված են յուրաքանչյուր 10 դեղատներից 9-ը, կաթվածահար է Փարիզի մետրոն, որտեղ միայն առանց վարորդի երեք ավտոմատ գծերն էին աշխատում հիմնականում։
Բողոքի ակցիայի առաջին օրն արդեն Փարիզի և Մարսելի ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել չարտոնված ցույցերը ցրելու համար։
Լիլ քաղաքի հյուսիսային ծայրամասում էլ ցուցարարները փորձում էին փակել ավտոբուսային կայարանները։
«Նպատակն է ցույց տալ կառավարությանը, որ մենք այստեղ ենք, որ մենք զզվել ենք խելահեղ հարկերից, որ մենք հոգնել ենք ամսվա կեսից ծայրը ծայրին հասցնելու դժվարություններից», - ասում է ակցիային միացած աղբատարի վարորդ Սամուել Գայարը։
Բողոքի ակցիաներին մասնակցում են նաև դպրոցականներ, հարյուրավոր աշակերտներ Փարիզում փակել են իրենց դպրոցի մուտքը «արգելափակեք ձեր դպրոցն ընդդեմ կոշտ տնտեսական ռեժիմի» գրությամբ պաստառներով:
«Ֆրանս պրես» գործակալությունը նշում է, որ այսօր մեկնարկած համազգային բողոքի ցույցը, ըստ ամենայնի, կլինի արհմիությունների առաջնորդած ամենամարդաշատ ակցիան և գործադուլները 2023 թվականից ի վեր: Նախորդ զանգվածային ցույցերի մասնակիցներն ընդդիմանում էին Մակրոնի վիճահարույց կենսաթոշակային բարեփոխմանը և չնայած ամիսներ տևած պայքարին, կառավարությունն այն ընդունեց առանց խորհրդարանի քվեարկության։
«Մեր գործընկերները չեն խաբվել Սեբաստիան Լըկորնյուի նշանակումով, որը չմեղմեց զայրույթը», - ընդգծել է միջնակարգ և ավագ դպրոցների ուսուցիչների արհմիության գլխավոր քարտուղար Սոֆի Վենետիտայը:
Ֆրանսիական մամուլը նշում է, որ այս բողոքի ալիքը Լըկորնյուի համար ճգնաժամի կառավարման առաջին փորձաքար կլինի, բայց հիմնական զայրույթն ընդդեմ Էմանյուել Մակրոնի է, որի պաշտոնավարման ավարտին մնացել է ընդամենը մեկուկես տարի, իսկ վարկանիշը վատթարագույն ցուցանիշն ունի 2016 թվականին նախագահի պաշտոնն առաջին անգամ ստանձնելուց ի վեր։
«Կենսաթոշակային բարեփոխումը չեղարկելու «խոչընդոտը», որին արհմիությունները կտրականապես դեմ են, գտնվում է «Ելիսեյան պալատում», - ասել է CGT արհմիության ղեկավար Սոֆի Բինեն։
Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն ցույցերի մեկնարկին ընդառաջ կոշտ նախազգուշացումներով է հանդես եկել․
«Գույքային վնասի կամ անհատների վնասի դեպքում լինելու ենք անզիջում և անողոք»։
Ավելի քան 80 հազար ոստիկան և ժանդարմերիա է տեղակայվել․ մարդուժից բացի, իշխանությունները գործի են դրել նաև անօդաչու թռչող սարքեր, զրահապատ մեքենաներ ու ջրցան մեքենաներ։
Ըստ իրավապահ կառույցների գնահատականների՝ փողոցում կես միլիոնից մինչև մեկ միլիոն ցուցարարի են սպասում երկրով մեկ։
Փարիզի ոստիկանապետ Լորան Նունյեսը AFP-ի հետ զրույցում մտավախություն է հայտնել, թե Փարիզում ընթացող ցույցերում կարող են «սադրիչներ ներթափանցել» և անկարգություններ հրահրել, վնասներ հասցնել, թիրախավորել մայրաքաղաքի կենտրոնական հատվածի խանութները, որոնք, ի դեպ, այսօր մեկ օրով փակվել են և պաշտպանիչ շերտերով ծածկել իրենց ցուցափեղկերը։