Մատչելիության հղումներ

«Հակագազո՞վ, թե՞ բժշկական դիմակով տնից դուրս գանք». Երևանում օդն ավելի քան կեղտոտ է


Երևան, 27-ը նոյեմբերի, 2025թ.
Երևան, 27-ը նոյեմբերի, 2025թ.

«Երևանում հակագազո՞վ, թե՞ սովորական բժշկական դիմակով տնից դուրս գանք».- համացանցում այսպիսի հարցեր են ուղղում քաղաքապետ Ավինյանին: Անգամ հակագազներով բողոքի ակցիա էր կազմակերպվել:

Քաղաքապետարանի՝ օդի որակի մասին տեղեկացնող քարտեզից մինչև միջազգային որոշ ցուցանիշների հղում անելով, մասնագետներն ու բնակիչները պնդում են՝ Երևանում օդն ավելի քան կեղտոտ է, իսկ փոշու ամպը գլխարկի պես նստած է քաղաքի գլխին: Ավինյանն էլ, վարչապետ Փաշինյանն էլ ընդունում են՝ խնդիրը կա, բայց պատճառներն, ըստ պաշտոնյաների, տարբեր են` Երևանի դիրքից մինչև մարդային գործոններ ու եղանակային անբարենպաստ պայմաններ:

«Լուծումները շատ դեպքերում նույնիսկ Երևան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն: Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը գնում է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին, որոնք որ որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ», - ասում է Տիգրան Ավինյանը:

Գևորգ Բալայանը դեռ նախորդ տարի էր «Ազատությանը» պատմել, որ չորս տարի առաջ բժիշկներն իր մոտ երրորդ փուլում գտնվող հաստ աղիքի քաղցկեղ էին հայտնաբերել: Վիրահատվել է արտերկրում, օտարերկրյա մասնագետները նրա առողջության վատթարացման հարցում չեն բացառել նաև շրջակա միջավայրի ազդեցությունը։ Հենց այդպես էլ էպիկրիզում գրել են: Այդ օրվանից մինչև օրս Գևորգն ու իր գործընկերները տներում և գրասենյակում տեղադրել են օդը մաքրող և օդի որակը ստուգող սարքեր: Ցուցանիշներն, ասում են, միշտ են մտահոգիչ, հիմականում՝ ամռանն ու ձմռանը:

«Երբ որ օդը մաքրում եմ, կանաչում է ամեն ինչ, հետո պատշգամբի դուռը բացում եմ՝ երկու րոպե ընդամենը, երկու րոպե, տան օդը ամբողջությամբ կեղտոտվում է», - պատմում էր Գևորգը:

Նրա հետ այս հարցազրույցից մեկ տարի է անցել, բայց հատկապես Երևանում օդի որակը ոչ թե բարելավվել, այլ հակառակը՝ ավելի է վատթարացել: Պատասխանատու մարմիններն օդի աղտոտվածության տարբեր պատճառներ են նշում՝ տերևների ու չոր խոտի այրումից մինչև մեքենաների արտանետումներ, շինհրապարակների ոչ պատշաճ կահավորում, ավազի բաց հանքերից Երևան հասնող փոշի և այլն: Ընդգծում են՝ այս ամենին էլ գումարվում են եղանակային չոր սեզոնն ու Երևանի դիրքը, որտեղ տարվա այս սեզոնին, այսպես ասած, օդը կանգնում է, փոշու ու ծխի ցրվելու հնարավորությունը՝ նվազում: Հետևաբար՝ այս բոլոր թունավոր տարրերը կուտակվում են օդում ու մնում:

Բնապահպան Սիլվա Ադամյանն ընդունում է՝ այս բոլոր խնդիրները կան, ինքը նաև գլոբալ տաքացման բերած վտանգներն է նշում, բայց պնդում է՝ աշխարհում շատ երկրներ կտրուկ քայլերի են դիմում, որ մարդիկ կեղտոտ օդ չշնչեն: Այն, ինչ արվում է Երևանում ու Հայաստանում, բնապահպանին չի գոհացնում:

«Պատկան մարմինները իրենց տեղում չեն, կառավարման հետ է սա կապված: Միջազգային կայքերում ներկայացվեց խնդիրը Երևան քաղաքի օդի, էնպիսի թվեր էր էնտեղ դրած, որ ամբողջ հանրությունը, նույնիսկ պետական ատյանները դրան անդրադարձան և ասացին, որ վիճակը շատ վատ է, պետք է նույնիսկ դիմակներ հագնել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ադամյանը:

Քաղաքապետարանն օդի որակին հետևում է քաղաքի 177 շինհրապարակներում տեղադրված սարքերով: Քաղաքային իշխանության այդ օնլայն քարտեզում այսօր կանաչ կետ չկար, հակառակը՝ հիմնականում մանուշակագույն ու կարմիր շրջանակներով է քարտեզը պատված, այսինքն՝ հատկապես խոցելի խմբերի համար օդի որակը համարվում է անառողջ և շատ անառողջ: Խորհուրդ է տրվում 30 րոպեից ավելի այդ տարածքներում գտնվելու դեպքում դիմակ կրել:

Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է՝ քաղաքապետ Ավինյանի նշած նոր այգիներն ու տնկված ծառերը կամ որակյալ չեն, կամ տեսակները սխալ են ընտրված, կամ էլ դեռ այնքան չեն փարթամացել, որ օդը մաքրեն, արդյունքում՝ կա այն, ինչ կա. - «Ծառահատումները սաստկացել են Երևան քաղաքում, մայթերի վրա էլ ծառ չի մնացել, որը անթույլատրելի է՝ էն տեսակները ծառերի, որոնք հատուկ են Երևան քաղաքի համար, որոնք պաշտպանիչ հատկություն ունեն, մեծ, հասուն ծառեր են, եթե դրանք հիվանդ չեն, այսինքն՝ հիվանդների մասին էլ ենք խոսում, բայց էդ հիվանդ ծառերը, կարծում եմ, մի 10 տոկոսը, ոչ ավել»:

Այսպիսի բողոքներին Ավինյանը տեսաուղերձով էր պատասխանել ու նշել՝ բողոքողները չեն խոսում այն մասին, որ վերջին երեք տարիներին Երևանում կանաչապատ տարածքների ավելացումը գերազանցում է ոչ միայն նախորդ երեք տարվա, այլև դրանց նախորդող 22 տարիների աշխատանքը: Ըստ նրա՝ 2000–2022 թվականներին Երևանում կանաչ տարածքներն ավելացել են 44 հեկտարով: Մայթեզրի ծառերն էլ, պնդում է, չեն հատվել, այլ փոխարինվել են նորերով, այդ 4 հազար 300 ծառերն, ըստ քաղաքապետի, չոր էին, վնասված ու տապալման եզրին գտնվող: Այսօր գործակարգավարականում կրկին հիշեցրել է բնական աղտոտիչների մասին, բայց նաև ընդգծել՝ վարչական շրջանների ղեկավարների հետ առաջիկա 10-15 օրերին փորձելու են վարչարարություններ իրականացնել, ինչը, ըստ նրա, մոտ 20 տոկոսով կբարելավի վիճակը:

«Ճիշտ է՝ մեր կարգավորումներով դեռևս չկա փոշու ճնշիչ էդ սարքերի կարգավորումը, էս կարգավորումը դեկտեմբերին կընդունենք, բայց բոլոր կառուցապատողներին արդեն իսկ պետք է տեղեկացնել, որ առաջին քայլերը դրանք պետք է լինեն», - հայտարարել է Ավինյանը:

Սիլվա Ադամյանն ընդգծում է՝ տասնամյակներ շարունակ խոսում է այն մասին, որ Երևան մտնող ճանապարհներին գործող բաց հանքերը պիտի փակվեն, շինհրապարակները փոշու մեջ կորցրած կառուցապատողները թույլտվություններից պիտի զրկվեն, տերևներ այրողներն օրենքի պահանջով պիտի միանգամից ու ամենուր տուգանվեն. - «Էդ քաոտիկ շինարարությունը կարգավորվի, բոլոր շրջակա միջավայրի փորձաքննությունները՝ Երևանը նկատի ունեմ դեռ, լիարժեք լինեն: Տեսեք, էդ փորձաքննությունը ներկայացվում է, ցույց է տալիս՝ ծառեր, տնկիներ, էստեղ՝ այգի, էնտեղ՝ ջրավազան, շատ քչերն են, որ էդ ամեն ինչը կարգավորվում է, 70 տոկոսը չի անում էն, ինչ որ ներկայացված է թղթի վրա»:

Նախորդող օրերին մարզերում բռնկված հրդեհները նույնպես իրենց բացասական ազդեցությունն են ունեցել օդի որակի վրա, ասում են պաշտոնյաները: Բայց, օրինակ, օդի որակը երկրում չափող պետական միակ կառույցը՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մարզերում չունի կայաններ, Երևանում էլ, ըստ անցած տարի հնչած խոստման, պետք է այս տարի արդեն փոշու ամենավտանգավոր՝ մանր հատիկները չափեր, սակայն այսօր կենտրոնից ասացին՝ սարքերը նոր են ստացել, առայժմ միայն Կենտրոն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում են գործարկելու՝ 26 թվականին:

Ի դեպ, հարևան Վրաստանում նույնպես օդի որակը խիստ անբարենպաստ է, ու կրկին հիմնականում եղանակային պայմանների մասին են խոսում մասնագետները: Ուզբեկստանում էլ նույն վիճակն է, այնտեղ գործի են դրվել ջրցան մեքենաները՝ օդում փոշու մանր հատիկները չեզոքացնելու համար: Տաշքենդում, օրինակ, 96 շինհրապարակ է ստուգվել, դրանցից 15-ի աշխատանքը դադարեցվել է, որովհետև աղտոտել են մթնոլորտը: Այստեղ օդի որակն անգամ դրոններով են ստուգում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG