Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հայտարարում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով ընտրություններին մասնակցելու մասին


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման մասին: Վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, այս որոշումները, ինչպես կուսակցության փոխնախագահը հայտարարեց՝ համաձայնեցրել են Տեր-Պետրոսյանի հետ:

Կոնգրեսն ընտրապայքարի մեջ է մտնելու մի հիմնական օրակարգով՝ թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի:

«Մեր երկիրը գտնվում է վտանգավոր՝ ինքնիշխանության կորստի փուլում, մենք կորցնում ենք պետականությանը: Այս փուլում բոլոր նրանք, ովքեր ընդամենը խորհրդարան մտնելու խնդիր են դնում, ուղղակի նպաստում են իշխանությունների օրակարգին: Մեր խնդիրը շատ ավելի հավակնոտ է, շատ ավելի մեծ է, շատ ավելի մտահոգիչ է, ու մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ առավելագույնը մեծ դաշինք կամ այդպիսի դաշինք ձևավորելու համար, որով հնարավոր լինի մեր երկիրը փրկել ուղղակի այս գահավիժումից», - ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նախընտրական դաշինք ձևավորելու համար քաղաքական ո՞ր ուժերի հետ է բանակցում ՀԱԿ-ը, կուսակցության ներկայացուցիչները չմանրամասնեցին: Լևոն Զուրաբյանը միայն հաստատեց՝ երկար ժամանակ քննարկումներ ունեցել են Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հետ, բայց անարդյունք, վերջին ամիսներին էլ առհասարակ Թաթոյանի հետ քննարկումներ չկան: Թե ինչո՞ւ համաձայնության չեն հասել, Զուրաբյանը փակագծեր չբացեց:

«Ինձ համար մի քիչ անհասկանալի են իրենց քաղաքական ուղերձները, բայց դա ես ո՛չ որպես մեղադրանք, ո՛չ որպես նախատինք չեմ ներկայացնում, ապագայում կարող են լինել ինչ-որ բանակցություններ, կտեսնենք: Ես հատուկ մեկին չեմ բացառում: Ես կարծում եմ, որ կան ավելի կարևոր ուժեր, ում հետ արժի լրջորեն բանակցել», - ասաց նա:

Այս դեպքում էլ ՀԱԿ փոխնախագահը քաղաքական ուժերի անուններ չտվեց, որոնց հետ, ինչպես ինքը ձևակերպեց, պետք է լրջորեն բանակցեն: Փոխարենն ասաց՝ նախընտրական դաշինք չեն կազմի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ:

Զուրաբյանն այսօր արձագանքեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին: Սամվել Կարապետյանի եղբորորդին անցած շաբաթ հայտարարել էր, որ Հայաստանի չորս առաջնորդներից որևէ մեկը չպետք է հավականի ստանձնել երկրի կառավարումը:

«Ինչ վերաբերում էր Նարեկ Կարապետյանի ասածին, մենք չենք էլ ներկայացրել տենց հայտ, այսինքն, առաջին նախագահի վարչապետության հայտ մենք չենք էլ ներկայացրել: Դա այլևս մեզ չի վերաբերում, եթե կարող էր վերաբերել», - ընդգծեց Լևոն Զորաբյանը:

Խորհրդարանական ընտրություններին կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, մասնակցության մասին հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թե ի՞նչ ձևաչափով և ո՞վ կգլխավորի ցուցակը, դեռ հայտնի չէ:

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար ընտրություններին մասնակցելու են նաև Սամվել Կարապետյանի թիմը, Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանը», այս ուժն էլ կողմնակից է ընդդիմադիր մեծ դաշինքներ ձևավորելուն:

«Ընդդիմադիր դաշտը պետք է հանդես գա խոշոր բևեռներով», - նշել է Մարուքյանը:

2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններին «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորած և մոտ 19 տոկոս ձայն ստացած Հայկ Մարությանը նույնպես խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: Ընտրապայքարի մեջ կմտնի իր հիմնած «Նոր ուժ» կուսակցությունով: Դաշինքների կողմնակի՞ց է Մարությանը, թե ՞ ոչ, դեռ հայտնի չէ: Նախկին քաղաքապետը փակագծեր չի բացել:

Եվ մինչ ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու տարբեր սցենարներ են քննարկում, Ազգային ժողովի նախագահն այսօր դարձյալ պնդել է, թե «Քաղաքացիական պայմանագիրը» 2026-ի ընտրություններին ավելի շատ ձայն է ստանալու քան ստացել է 2021-ին:

«Որովհետև եթե 2021 թվականին, երբ որ մեր վրա կրակում էին ու ուզում էին մորթեին, սպանեին ու պատերազմից անցել էր վեց ամիս ու մենք կարողացանք 54 տոկոս ստանալ, դրանից հետո, երբ ՀՀ այսօր ապրում է խաղաղ երկնքի տակ ու մենք գրեթե 2 տարի է՝ կրակոց չունենք և զոհ չունենք, ճանապարհների բացման ու տնտեսության զարգացման առաջին քայլերն են տեղի ունենում, միևնույն ժամանակ երբ ընդդիմախոսները միևնույն հին սկավառակն են պտտում՝ 2020 թվականի պատերազմի մեջ մեզ մեղադրելով ու որևէ նոր բան չեն առաջարկում ինչո՞վ են մեզ կրելու, ի՞նչ խոսույթով», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն այսօր դարձյալ պնդում էր՝ գործող իշխանության խաղաղության օրակարգը կեղծ է, ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը և Նիկոլ Փաշինյանի ընտրվելու դեպքում Հայաստանը նոր աղետների առաջ է կանգնելու:



XS
SM
MD
LG