«Լուսավոր Հայաստանը» բանակցություններ է սկսում՝ խորհրդարանական ընտրություններին մեծ դաշինքներով մասնակցելու օրակարգով: Այսօրվա համագումարում կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզ, որով ընդդիմադիր դաշտը կարող է, ինչպես ինքը ձևակերպեց, «վարչապետ Փաշինյանին ուղարկել թոշակի»: Առաջին հերթին, ասաց՝ անհրաժեշտ է համախմբում:
Ընդդիմադիր դաշտում պետք է ձևավորվեն խոշոր բևեռներ, որքան խոշոր այնքան լավ», - հայտարարեց «Լուսավոր Հայասատան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Ընդդիմադիր դաշտի մյուս խնդիրն, ըստ Մարուքյանի, ընտրություններին բարձր մասնակցություն ապահովելն է: Նա անհիմն է համարում տարբեր ՔՊ-ականների այն պնդումները, թե իշխող ուժը 26-ի ընտրություններին 50 տոկոսից ավելի քվե կստանա: Պնդեց՝ ընտրողների 60 տոկոսից ավելին դեմ է իշխանությանը, և եթե խոշոր բևեռներ չձևավորվեն, ձայները կփոշիանան:
«Ինչո՞ւ են իրենք իրենց վստահ պահում, որ մարդիկ վախենան, որ մարդիկ մտածեն, որ անհնար է իշխանությունը փոխել, հետևաբար, իմաստ չունի գնանք ընտրության։ Այսինքն՝ առաջին ուղերձը հետևյալն է, որ բոլոր տեղամասերում, որտեղ 50 + 1 մասնակցություն է լինում, իշխանությունը պարտվում է այդ ընտրությունը։ Իմացեք, ժողովուրդ, որ տեղամաս 50 % ավել մասնակից մտավ, կապ չունի՝ ում է ընտրել, իշխանությունը պարտվում է», - ընդգծեց «Լուսավոր Հայաստանի» նախագահը:
Մարուքյանի պատկերացմամբ՝ իշխանության պարտությունից հետո արդեն խոշոր ուժերը կմիավորվեն ու կառավարություն կձևավորեն, նրա խոսքով. - «Բոլորը պետք է իրենց ունեցած էդ էգոն դնեն մի կողմ, 2026 թվականին կանգնեցնեն այս շղթան»։
«Լուսավորի» ղեկավարը հնարավորություն տեսնում է, որ քաղաքական դաշտում իրար հարող ուժերը փոխզիջումներով կարող են համախմբվել: Իր ղեկավարած ուժը, պնդեց՝ որևէ կուսակցության հետ դաշինք կազմելու հարցով դեռ քննարկումներ չի ունեցել: Այսօր էլ կոնկրետ քաղաքական ուժերի անուններ չնշեց, որոնց հետ պատրաստվում են բանակցել նախընտրական դաշինք ձևավորելու օրակարգով:
«Մենք չգիտենք, թե քաղաքական միավորները ինչ ծրագրային կոնսենսուսների կարող են գնալ, էդ ամեն ինչը կլինի քննարկումներով։ Տեսեք, տարբեր ուժեր ասում են՝ մենք միայնակ մասնակցելու ենք։ Լավ, ինքնանպատա՞կ է դա, «Լուսավոր Հայաստանն» էլ կարող է միայնակ մասնակցել, դա ինքնանպատա՞կ է։ Այսինքն՝ մասնակցենք միայնակ, թե՞ փորձենք փոխել համակարգը, իշխանությունը փոխել», - ընդգծեց Մարուքյանը:
2026-ի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որն առաջիկայում կվերափոխվի կուսակցության, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետականից» պնդում են, թե այդ օրակարգով անգամ քննարկում չեն ունեցել, իրենք խոսում են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով իշխանափոխության հասնելու մասին: Նախընտրական դաշինքներին կողմնակից Էդմոն Մարուքյանը վաղ համարեց նշել, թե հետընտրական փուլում կհամագործակցի՞ երկրորդ և երրորդ նախագահների ղեկավարած ուժերի հետ, ասաց. «Քանի որ ես չգիտեմ էս պահին, մենք, երբ գրենք գրանցված ընտրական պրոցեսում ուժ, եթե կլինենք դաշինք, ես ձեր հարցին կպատասխանեմ, կլինենք «Լուսավոր Հայաստան» առանձին մասնակցող, էլի էդ հարցին կպատասխանեմ։ Հիմա ցանկացած նմանատիպ հարցը, ինքը, ժողովրդի ասած՝ ձուկը ջրում խոսակցություն է, 2-րդ՝ դա նաև բանակցային դիրքերը թուլացնող խնդիր է լուծում»:
Միակ բանը, որ Մարուքյանն այսօր բացառեց, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրի» և նրանց աջակցող ուժերի հետ համագործակցությունն է, Մարուքյանի խոսքով. - «Վերջերս ինձ հարցրեցին, ասեցին՝ գործող իշխանության հետ ի՞նչ կանեք, ասեցի՝ մատաղ ուտելու էլ չենք գնա։ Այսինքն՝ բացառելու մասով, ես կարծում եմ, դա է բացառված»:
Վարչապետ Փաշինյանի կաբինետում երկու տարի հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանը այսօր խիստ քննադատեց Փաշինյանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը: Կենտրոնացավ հատկապես եկեղեցու վրա՝ արձագանքելով Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ Փաշինյանի ամենաթարմ մեղադրանքին, թե Վեհափառը տապալել է իր իսկ ընդունած կանոնադրությունը:
«2011-ին ասում է՝ մոտ ապագայում դա կընդունվի, 2011 թվից էլ անցել է ևս14 տարի։ Այսինքն՝ սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Եթե Փաշինյանն այժմ էլ կաթողիկոսին մեղադրում է եկեղեցական նոր կանոնադրություն չընդունելու համար, սա ևս համարելով նրան հեռացնելու պատճառ, ապա Մարուքյանն էլ պնդում է՝ վարչապետն իր թիմի հետ միասին ոչ միայն չի կատարել կառավարության 2021-26 թվականների ծրագիրը, այլ արել այնտեղ գրածի ճիշտ հակառակը:
«Պետք է ինքը հեռանա: Պետք է ինքը մի այլ ձևի հեռանա։ Ինքը չի հասկացել՝ ինչ տեսանյութ է նկարահանել առավոտյան եկեղեցու կանոնադրության մասին։ Եկեղեցու կամ ցանկացած կրոնական կազմակերպության կանոնադրությունը էդ կազմակերպության ներսում իրենց հարաբերությունների մասին է։ Ընտրությունների միջոցով մանդատ ստացած քաղաքական գործչի՝ տվյալ պարագայում իշխանության ղեկավարի գլխավոր փաստաթուղթն այն ծրագիրն է, որով նա ընտրվել է։ Բայց մեր Սահմանադրությունն ի՞նչ է ասում։ Այդ փաստաթուղթը հաստատում է Ազգային ժողովը, դրա վերաբերյալ հետո զեկույցներ են ներկայացնում, հաշվետվություն են տալիս Օրենսդիր մարմնին, ինչ գրել է, չի արել, չի արել, ժողովուրդ», - այսօր հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Տասը տարի առաջ հիմնադրված «Լուսավոր Հայաստանի» այսօրվա համագումարում Էդմոն Մարուքյանը կուսակցության նախագահ վերընտրվեց: