Մատչելիության հղումներ

Հաջորդ քառօրյային կարող է վավերացվել սահմանազատման կանոնակարգը. Սարգիս Խանդանյան


«Եթե ամեն ինչ այնպես ընթանա, ինչպես ես նկարագրեցի, ապա հաջորդ քառօրյային արդեն կարող ենք վավերացնել սահմանազատման կանոնակարգը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Ազատություն». - Պարոն Խանդանյան, արդեն հայտնի է, որ Սահմանադրական դատարանից սահմանագծման կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան: Այն ե՞րբ կքննարկի ձեր հանձնաժողովը և հետո լիագումար նիստ կկազմի:

Խանդանյան. - Խորհրդարանը երկշաբաթյա ժամկետ ունի առաջարկներ ստանալու համար, որը լրանալու է հաջորդ շաբաթ և արդեն դրանից հետո մենք կգումարենք հանձնաժողովի նիստ, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, և այն կընդգրկվի արդեն hանձնաժողովի նախնական եզրակացությունից հետո հոկտեմբերի 22-ի լիագումար նիստերի օրակարգ:

«Ազատություն». - Այսինքն՝ հաջորդ քառօրյայում, արդեն առանց արտահերթի:

Խանդանյան. - Այո, հերթական նիստերի օրակարգում, եթե այնպես ամեն ինչ ընթանա, ինչպես ես նկարագրեցի, իսկ ես չեմ կարծում, որ որևէ բան կխանգարի դրան, ապա հաջորդ քառօրյային արդեն կարող ենք վավերացնել փաստաթուղթը:

«Ազատություն». - Օրինակ՝ ընդդիմադիրներն ասում են, որ հապճեպ վավերացումը խնդրահարույց է մի պարագայում, երբ գործընթացը զուգահեռ չէ, համենայնդեպս, Բաքվից առայժմ ձայն չի լսվել:

Խանդանյան. - Ես չեմ կարծում, որ վավերացումը հապճեպ է, և վավերացումը տեղի է ունենում բոլոր ժամկետների և ընթացակարգերի պահպանմամբ: Նախևառաջ, կառավարությունն ուղարկել է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը սահմանված ժամկետում տվել է իր եզրակացությունը: Մենք կարող էինք նույնիսկ արտահերթ նիստով այն վավերացնել, որովհետև ժամկետները մեզ թույլ էին տալիս, բայց անում ենք այնպես, ինչպես սովորական մյուս միջազգային պայմանագրերի և փաստաթղթերի դեպքում

«Ազատություն». - Ինչո՞ւ զուգահեռ չէ գործընթացը. ի դեպ, սկսած հրապարակումից, երբ հայտարարվում էր, որ միաժամանակ հրապարակվի Երևանում և Բաքվում, բայց Ադրբեջանն այս փաստաթղթի մասին պաշտոնական մակարդակով որևէ բան չի ասել:

Խանդանյան. - Կանոնակարգի մեջ հստակ սահմանված է, որ 2 կողմերը պարտավորություն են իրենց վրա վերցնում բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո վավերացնել փաստաթուղթը և փոխադարձաբար հայտնել իրար դրա մասին: Եվ ես, ճիշտն ասած, մեծ էքսպերտ չեմ Ադրբեջանի ներպետական ընթացակարգերի մասին, բայց կարծում եմ՝ դրանք ընթանում են և, կոպիտ ասած, դա իմ խնդիրը չէ: Մեր խնդիրը մեր ներպետական ընթացակարգերով անցկացնելն է և զուգահեռաբար ավարտին հասցնել գործընթացը: Ես այստեղ որևէ լարում, ինտրիգ, դրամա չեմ տեսնում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

XS
SM
MD
LG