«Արևելյան Զանգեզուրի շրջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային է և հիմնված է իրավական հիմքերի և տարածաշրջանային համագործակցության շահերի վրա», ըստ APA գորակալության, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, ընդգծելով՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի Ադրբեջանի արևմտյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ տեղաշարժը»։
Պնդելով, թե «Զանգեզուրի միջանցքը» ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ, և միայն տարածաշրջանում տնտեսական կապերի ինտեգրման նպատակ ունի, Հաջիզադեն ընդգծել է՝ այն ամրագրված է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում։
«Համատեղ հռչակագրում ընդգծվել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շրջանակներում Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտությունը», - ասել է Ադրբեջանի արգործնախարարության խոսնակը, հավելելով՝ Բաքուն հետաքրքրված է այս միջանցքի շուտափույթ բացմամբ, և իր սկզբունքային դիրքորոշումը փոխանցել է ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական կողմերին։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ Կոպենհագենի հանդիպումից հետո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը հասցեագրված է՝ շեշտելով, որ այդ թեմայի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն այլևս չի տեսնում: Մինչ այս էլ թեմային անդրադարձել են, քանի որ այն առնչվել է Հայաստանի պետական շահերին:
«Այդ թեման այլևս արդիական չէ։ Այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով ու ամենահեղինակավոր միջազգային հարթակներում և այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությամբ։ Հետևաբար. այդ հարցը, գոնե ինձ համար, արդեն չկա», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: