Մատչելիության հղումներ

«Ապրում ենք էլի վախենալով». Գյումրիում 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն իշխանությունից պահանջում են լուծել խնդիրը


Գյումրիի Անտառավան թաղամասի 26 շենքն ամենաբարձր՝ 4-րդ կարգի վթարային է ու քանդման ենթակա։ Հազիվ կանգուն մնացող այս շենքում 10 ընտանիք է ապրում՝ ամեն օր փլուզման վտանգն աչքի առաջ ունենալով։

«Ապրում ենք էլի վախենալով, հանգիստ քուն չունենք», - ասաց բնակիչներից մեկը:

10 ընտանիքներից ոմանք սեփականության վկայական ունեն, ոմանք էլ օրդեր, որ շենքի բնակիչ են։ Իշխանություններից պահանջում են կատարել խոստումը ու իրենց խնդիրը լուծել։

«Մեր պահանջը՝ մեզ տնով ապահովեն, էս 10 բնակչին տուն տան, դեմը ձմեռ է, անձրևներ կսկսեն, սա էլ կփլվի վրեքս», - ասաց շենքի բնակիչը:

Մեկ տարի առաջ բնակիչները լուրեր էին ստացել, թե իրենց բնակարանների գնման վկայագրեր են տրամադրելու. - «Ո՞ւր ա, չեն տվել, մի տարի ա հավաքել եմ դակումենտները»:

Հրավիրում են իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկին թեկուզ մեկ օր ապրել 4-րդ աստիճանի վթարային շենքում՝ առանց ջրի ու կոյուղու։

Բազմաթիվ նամակներ են գրել ու պատասխան ստացել, թե սպասեք։ Իրենց բողոքը նաև մարզպետին հայտնեցին, որ վերջինս էլ կառավարությանը փոխանցի՝ այլևս սպասել չեն կարող։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հստակ ժամկետ չնշեց, միայն անորոշ ասաց՝ առաջիկայում շենքի հետ կապված որոշում կհրապարակվի։

«Էսքան սպասել ենք, մի փոքր էլ կսպասենք, կլինի լուծում ու մենք կառաջարկենք մեր լուծման տարբերակը, կառավարությունը կընդունի համապատասխան որոշումը», - ասաց Մուրադյանը:

Գյումրիում 88 վթարային շենք կա, որոնք ամրացման իրենց հերթին են սպասում։ Դրանից 4-ը 4-րդ կարգի վթարային են։ Այս տարի միայն մեկ շենքի համար է գումար հատկացվել, մյուսների հերթը երբ կհասնի, պարզ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG