Մատչելիության հղումներ

Գյումրիում սպասում են Ֆրանսիայի նախագահին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Գյումրիում վերջին օրերին իսկական իրարանցում է` Էմանյուել Մակրոնի պետական այցին են պատրաստվում: Այսօր քաղաքի գլխավոր՝ Վարդանանց հրապարակում մի կողմից գծանշումներ էին անում, մյուս կողմից` մեծ բեմ հավաքում, որտեղ մայիսի 5-ի երեկոյան հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգ է լինելու: Դրան ներկա կլինեն Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը՝ տիկնոջ հետ:

Գործադիրի երեկվա նիստում այս համերգի համար պահուստային ֆոնդից ավելի քան մեկ միլիոն դոլար հատկացվեց. երեկոյան արդեն համերգի մասին անձամբ նաև Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց:

«Մենք ամսի 5-ի երեկոյան նախագահ Մակրոնի հետ լինելու ենք Գյումրիում, որտեղ Վարդանանց հրապարակում տեղի ունենալու մեծ համերգ՝ հայ և ֆրանսիացի աստղերի մասնակցությամբ: Եվ ես հույս ունեմ և համոզված եմ, որ մեր սիրելի գյումրեցիները շատ ջերմ, բարեկամական և ճոխ ընդունելություն կցուցաբերեն նախագահ Մակրոնին, ով այն գործիչներից է, ով իր նախագահության ողջ ընթացքում մշտապես անսասան կերպով կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերում», - հայտարարեց վարչապետը՝ շարունակելով. - «Սիրելի գյումրեցիներ, համոզված եմ, որ մենք միասին ի ցույց կդնենք մեր հյուրասիրությունը՝ մայիսի 5-ի երեկոյան Վարդանանց հրապարակում և ընդհանրապես Գյումրիում ողջունելով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնին և նրա տիկնոջը»:

Գյումրիում տեղյակ են ու սպասում են Ֆրանսիայի նախագահին:

Բայց Մակրոնի պետական այցն ամենաշատը ուրախացրել է գյումրեցի վարորդներին: Ֆրանսիայի նախագահի երթուղին ինտենսիվ կարգի է բերվում, իսկ անբարեկարգ փողոցներում ապրողները կատակում են, թե երանի Մակրոնը իրենց թաղ էլ գար:

Մի քանի օրվա ընթացքում Գյումրիի Վարդանանց հրապարակի հարակից փողոցն ու Բագրատունյաց պուրակի հատվածը շատ արագ ասֆալտապատվեցին: Ու այսօր թեև ոչ աշխատանքային օր էր, բայց աշխատանքները շարունակվում էին: Գյումրիի մուտքի մոտ՝ Տերյան փողոցում հասցրել էին տարիներով անմխիթարական վիճակում գտնվող կամրջի տակի սալիկները փոխել: Բուն փողոցում ինտենսիվ փոսալցումներ էին:

Հայ-ֆրանսիական համերգի կազմակերպման վայր է ընտրվել Գյումրին, քանի որ, ըստ Կառավարության, Գյումրիում մեծ է սերն ու հետաքրքրությունը ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի նկատմամբ, ինչը պայմանավորված է 1988-ի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում Ֆրանսիայի ժողովրդի և կառավարության ցուցաբերած աջակցությամբ։

Նախագահ Մակրոնը մայիսի 3-ին կժամանի Հայաստան, մայիսի 4-ին նախ կմասնակցի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Մայիսի 5-ին կմեկնարկի նրա պետական այցը, վարչապետ Փաշինյանն ու նախագահ Մակրոնը առանձնազրույց կունենան, դրան կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա նրանք փաստաթղթեր կստորագրեն, լրատվամիջոցների համար հայտարարություններ կանեն: Ավելի ուշ արդեն Մակրոնն ու Փաշինյանը Գյումրի կմեկնեն:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG