Մատչելիության հղումներ

Գյումրիի կաթողիկե Սբ. Նահատակաց եկեղեցում հոգեհանգստի պատարագ՝ ի հիշատակ Ֆրանցիսկոս պապի


Գյումրիի կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցում այսօր հոգեհանգստի պատարագ մատուցվեց՝ ի հիշատակ Հռոմի պապի: Ֆրանցիսկոս պապը Գյումրի կատարած այցի ժամանակ օծել էր այս եկեղեցին: Այստեղ նաև նրա լուսանկարներ են, որոնցից մեկը խորհրդանշում է Պապի պատմական այցը «Առաջին քրիստոնյա երկիր»:

«Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ՝ իրականացնելու համար, ինչպես ճանապարհորդության կարգախոսն է դա ասում, այց առաջին քրիստոնյա երկիր». - 2016 թվականին Հռոմի պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում բացօթյա պատարագ մատուցեց: Կաթոլիկ առաջնորդն ինքն էր ցանկացել, որ հենց Գյումրիում՝ Հայաստանի ամենաաղքատ քաղաքում մատուցի պատարագը: Շուրջ 25 հազար հավատացյալներ ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից Գյումրիի էին եկել՝ տեսնելու Կաթոլիկ եկեղեցու քահանայապետին: Գյումրի նրա այցի համակարգողներից էր Ներսես վարդապետ Գալստյանը:

«Իր այցելության ելույթի մեջ շատ գեղեցիկ շեշտադրում արեց, ասեց. - «Ես այցելեցի Գյումրի, որպեսզի իմ փոքր հոտը չմտածի, որ միայնակ է»: Սա շատ գեղեցիկ և հուզիչ հայտարարություն էր, որովհետև մենք տեսնում ենք, որ սրբազան քահանայապետը, լինելով ընդհանրական եկեղեցվո գլուխը, որը իր քանակությամբ և իր սահմաններով ամբողջ աշխարհով մեկ է ձգվում, Հայաստանի մեջ այս փոքրիկ հոտը, որ անվանեց, որը իր հոգածության տակ է, նաև իր այցելության նշանակություն տվեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ներսես վարդապետը:

Շիրակի մարզում կան գյուղեր, որտեղ բնակչության մեծ մասը կաթոլիկներ են: Արևիկը այդ գյուղերից մեկն է: 9 տարի առաջվա այցը մեծ նշանակություն ուներ հատկապես կաթոլիկների համար: Գյուղի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում Պապի այցից իրենց հիշողությունները պատմեցին:

Շիրակի մարզում մոտ 8 հազար կաթոլիկ կա: Հայր Ներսեսն ընդգծում է՝ նույնիսկ իր կյանքի վերջին օրը զատկական ուղերձում Ֆրանցիսկոս պապը չմոռացավ Հայաստանի մասին ու մաղթեց, որ խաղաղություն հաստատվի:

«Դա մեծ նշանակություն է, նաև խոսում է այն մասին, որ անգամ այդ դժվարին պարագաներին չի մոռացվել հայ ազգի խնդիրը, դժվարությունները, և ինքն այդ վիճակով նաև արտահայտվեց, և չմոռանանք՝ որպես հոգևոր անձինք, իր խոսքը աղոթք է առ Աստված, խնդրանք է առ Աստված, որ իրականանա և խաղաղություն տիրի այս տարածաշրջանում», - ընդգծեց Ներսես վարդապետը:

Կաթոլիկ եկեղեցու հովվապետն անտարբեր չի եղել հայոց հարցի ու հայ ժողովրդի հանդեպ, ընդգծում է կաթոլիկ վարդապետը. - «Առավել ևս Ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններում հատուկ ինքը ներկայացնում է հայ ժողովրդի տառապանքները, տանջանքները, և քահանայապետ դառնալով՝ նաև ինքը այդ հարցը բարձրաձայնեց ի լուր աշխարհի: Իմ կարծիքով՝ սա ամենաարժեքավոր հայտարարությունն էր այս տարիների ընթացքում, որ հայ ժողովուրդը պայքարում է՝ արդարության կոչեր և ընդհանրապես արդարության հայացք ուղղելու այս խնդրի շուրջ»:

Հռոմի 266-րդ պապին շիրակցի կաթոլիկները հիշում են որպես աղքատի կողքին կանգնած, բարին քարոզող հովվապետի:

«Բացարձակ մարդասիրության մի օրինակ է, կարեկցող, նվիրյալ սիրո արտահայտող», - ասաց Ներսես վարդապետ Գալստյանը:

Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը ապրիլի 26-ին է: Ամենայն Հայոց կաթողիկող Գարեգին երկրորդը ևս կմասնակցի արարողությանը: Նոր՝ 267-րդ Պապի ընտրությունը մայիսի առաջին տասնօրյակում կկայանա:


XS
SM
MD
LG