Մատչելիության հղումներ

Գյումրի-Բայանդուր ճանապարհի հատվածը նորոգումից 7 ամիս անց կրկին նորոգման կարիք ունի


Գյումրի - Բայանդուր ճանապարհի մոտ 10 կիլոմետրանոց հատվածն ընդամենը կես տարի առաջ է միջին նորոգման ենթարկվել: Հիմա շատ հատվածներում արդեն կարկատաններ են, կարկատանների կողքին էլ տեղ-տեղ փոսեր են գոյացել:

Վարորդներին այս ամենը զայրացնում ու հոգնեցնում է.

«Սարքեցին, ու հմի էլ էսպես ահավորություն է: Տեխասմոտրի փող տամ, ԱՊՊԱ-ի փող տամ, ամեն ինչի փողը տամ, գույքահարկի, մաշնես էլ ջարդեմ, էս էղավ ի՞նչ ... »:

«Քանդեցին, ոչ էլ սարքեցին ... »:

«Սաղ ճամփեն նորմալ կուգանք, սքան տեղը ավիրած ... »:

Պետական բյուջեից այս ճանապարհի միջին նորոգման համար 600 մլն դրամ է հատկացվել «Եվրոասֆալտ» ընկերությանը: Ամեն օր այս ճանապարհով երթևեկողները կարծում են՝ վերահսկողության խնդիրներ կան. - «Ուղղակի պիտի տեր էղնին, որ որակով էղնի, ամեն ինչ նորմալ էղնի»:

Ճանապահի հենց այս հատվածը անցած տարեվերջին սկանդալի առիթ էր դարձել. նոյեմբերի կեսերին Շիրակի մարզ այցի ժամանակ, երբ վարչապետն ուղիղ եթերում պնդել էր, թե մինչև Գյումրի ճանապարհն ասֆալտապատված է, գյումրեցիներից մեկը մեկնաբանություն էր գրել, թե «հասեք Բայանդուր կտեսնիք նոր տեսքը, անպայման կնկարեք, որ մնացածն էլ տեսնին»։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել էր, թե իրեն «մի քիչ ավանսով են զեկուցել»:

Փաշինյանի այս սխալ հայտարարությունից հետո պաշտոնանկ արվեց նրա թիմի առանցքային անդամներից տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, ով համակարգում էր նաև ճանապարհաշինությունը: Վարչապետը նաև հայտնել էր, թե «այդ հատվածը, ի տարբերություն մյուսների ենթակա է միջին նորոգման և ոչ թե հիմնանորոգման, ուստի՝ Բայանդուր-Ղարիբջանյան հատվածի նորոգման աշխատանքները առաջիկա օրերին կսկսվեն և կավարտվեն այս տարի»։

Փաշինյանը խոստացել էր ու դեկտեմբերին Բայանդուր հասավ՝ ասֆալտապատված ճանապարհը սեփական աչքով տեսավ: Բայց ձմռանը ասֆալտապատում անելը նրա մոտ էլ էր հարցեր առաջացրել. - «Բան չենք արել, չէ՞, ձմեռով ասֆալտ անենք, հետո պարզվի, որ պետք չէր անել: Ջերմային ռեժիմները պահել ե՞ն»:

Ընդամենը 7 ամիս առաջ նորոգված ճանապարհն արդեն նորոգման կարիք ունի: Ոմանք Բայանդուրի ճանապարհի այս ամբողջ պատմությունը շատ լավ էին հիշում:

Շինարարությունն իրականացրած «Եվրոսաֆալտ» ընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ճանապարհի այդ հատվածներում ի հայտ եկած թերությունները կապված են հողի գրունտային շերտի հետ, ու քանի որ ճանապարհը ոչ թե հիմնանորոգվել, այլ միջին նորոգման է ենթարկվել, հողի շերտը չի փոխվել: Շինարարական ընկերության ճարտարագետը վստահեցրեց՝ առաջիկայում նախատեսում են իրենց միջոցներով այդ հատվածներում հիմնանորոգում իրականացնել:

Ճանապարհային դեպարտամենտից էլ փոխանցեցին, որ արձանագրվել են որոշ թերություններ, որոնք վերացնելու հանձնարարական է տրված։

Առաջիկա օրերին «Եվրոասֆալտ»-ը կսկսի այդ հատվածների նորոգումը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG