Մատչելիության հղումներ

«Հայաստանում սկսվում է սառնամանիքի շրջան», - պնդում է գրող Մարինե Պետրոսյանը


Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 18-ը սեպտեմբերի, 2025թ.
Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 18-ը սեպտեմբերի, 2025թ.

«Իրական» Հայաստանում սառնամանիքներ են լինելու: Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ուրիշ բացատրություն չունի երեկվանից քննարկվող հարցին՝ ինչո՞ւ «Մենք» ակումբի այսօր երեկոյան հանդիպումից ժամեր առաջ «Իլիկ» արտ-սրճարանը հրաժարվեց միջոցառումից։

«Թեման գրել էի, գրել էի, որ «ո՞նց անենք, որ առաջիկա ընտրություններում հաղթի ոչ թե Նիկոլ Փաշինյանի թիմը, այլ հաղթենք ՄԵՆՔ», «ՄԵՆՔ»-ը մեծատառով՝ որպես մեր ակումբի անուն, «ՄԵՆՔ, որոնք չեն հաշտվում Հայաստանի նվաստացման հետ և ուզում են, որ մենք ոտքի կանգնենք», էդպես էի գրել», - պատճառն այս գրառումն էր, պնդում է գրող Պետրոսյանը, ավելացնելով՝ հրապարակումից կարճ ժամանակ անց նամակ է ստացել «Իլիկ»-ի տնօրեն Անահիտ Սահակյանից։ Անձնական նամակ է, հորդորում է, որ հենց «Իլիկ»-ն այն հրապարակի, բայց բովանդակությունից ու տոնից հասկացել է՝ ցենզուրա է, եզրակացրել՝ բարի գալուստ ստալինիզմ։

«Այսինքն ի՞նչ է պատահել, ես ենթադրում եմ, որ ինչ-որ բան է փոխվել Հայաստանում, վախի մթնոլորտ՝ դա եմ ասում: Ընդ որում՝ իմ մեղադրանքը չէր ուղղված Անահիտին, ես ասում եմ՝ իրավիճակ է փոխվում, վախի մթնոլորտ է, զգույշ եղեք, սառնամանիքներ են գալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց հրապարակախոսը՝ շարունակելով. - «Ես Սովետական Հայաստանում եմ ծնվել, Սովետական Միությունում եմ ծնվել, ես լսել եմ դրա մասին, բայց ես նույնիսկ էն ժամանակ, երբ որ կար, ասենք, գիտեիր ինչ պիտի ասես, ասենք, համալսարանում, բայց էդպիսի բան, որ ... Որովհետև ես երեկ ուղղակի սառել էի, ես, չգիտեմ, անակնկալից սառել էի՝ բառացի իմաստով, ես սառել էի, ջերմությունս ընկել էր, դա չի կարող պատահականություն լինել: Եվ եթե հետևեք Նիկոլ Փաշինյանի ելույթներին, բան, այո, Հայաստանում սկսվում է սառնամանիքի շրջան»:

«Ինձ Ցենզուրայի թագուհի են հռչակել», - «Իլիկ»-ի Անահիտ Սահակյանի առաջին արձագանքն էր Ֆեյսբուքում։ Գրառումը երկար էր՝ պատմել էր, որ տարիներ շարունակ «Իլիկ»-ի դռները բաց են եղել տարբեր միջոցառումների, հավաքների, քննարկումների համար ու հիմա էլ բաց են ու միշտ են բաց լինելու։ Ի՞նչ պատահեց, որ այս մեկը փակվեց։

«Ինձ են ստիպում, որ ես ցենզուրայի ենթարկվեմ, ու դա անընդունելի է ինձ համար», - «Ազատությանը» ասաց Սահակյանը:

«Իլիկ» արտ-սրճարանի տնօրեն Անահիտ Սահակյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 18-ը սեպտեմբերի, 2025թ.
«Իլիկ» արտ-սրճարանի տնօրեն Անահիտ Սահակյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 18-ը սեպտեմբերի, 2025թ.

«Որևէ պոդտեքստ չկար էդ կասեցման որոշման մեջ, ընդամենը Մարինեն ինձ չէր զգուշացրել՝ ինչի մասին է լինելու էդ հանդիպումը, ու մի քանի մարդ, ինչպես արդեն գրել եմ, երբ որ կարդացել էին Մարինեի տեքստը, ասեցին, որ ցավոք չեն մասնակցի՝ չնայած ուզում էին մասնակցել: Ինձ կպավ, որ առանց ինձ զգուշացնելու մարդ որոշել էր իմ տարածքում ինչ-որ մի թեմայի շուրջ քննարկում ծավալել, որը շատ կողմնակալ էր և թույլ չէր տալիս, որ ուրիշ մարդիկ էդ թեմային, այսինքն՝ էդ քննարկմանը միանային, ու որոշեցի, որ ես էլ թույլ չեմ տա», - նշեց «Իլիկ»-ի տնօրենը:

«Մենք» ակումբը, ասում է Մարինե Պետրոսյանը, խոսք ու միտք սիրող մարդկանց հավաքատեղի է։ «Մենք»-ը ենթադրում է հիշողություն։ Երեք տարի ակումբը կա, հիմնականում հավաքները հենց «Իլիկ»-ում են եղել, Անահիտն էլ ներկա է եղել ու լսել. - «Ինքը գիտի մենք ինչ ենք խոսում, իմ հայացքները վերջին, այսպես, մի տարում, բացարձակ, առնվազն մի տարում, չեն փոխվել, բոլորը գիտեն, գիտի իմ հայացքները, նոր բան չկա էդտեղ, որ ես ասում եմ՝ ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի թիմը հաղթի ... Այսինքն, մարդը ի՞նչ է արել, ի՞նչ է արել, ընդ որում՝ մի շաբաթ առաջ իր հետ խոսելով՝ ես հասկացա՝ պատճառը կարող է լինել միայն այն, որ էդ մարդուն, գուցե ուղղակի, գուցե ոչ ուղղակի, հասկացրել են, որ պետք չի էդպիսի բան անել, այսինքն՝ փոխվել է իրավիճակը»:

«Ինձ ոչ մեկ չի ստիպել ոչ մի բան: Չգիտեմ, կարող է ավելի հետաքրքիր պատմություն ստացվեր, եթե մեկը ստիպեր, բայց չի եղել», - պնդեց Անահիտ Սահակյանը:

«Մարինե Պետրոսյանը միևնույն է իմ սիրելի գրողն է», - արտ-սրճարանի տիրոջ վերջին խոսքն է։ «Չէի ցանկանա որևէ մեկին անհարմար վիճակում դնել իմ գաղափարների պատճառով», - գրող Պետրոսյանի հետևությունը։

Իսկ երկուսի ֆեյսբուքյան էջերում թեժ քննարկումը շարունակվում է։ Համակիրների ու ընդդիմախոսների մի խումբ զարմացած է՝ ինչպե՞ս հնարավոր եղավ նման «սկանդալ» հուսահատությունից չկոտրվող երկու պայծառ մարդու միջև. չէ՞ որ իրական Հայաստանը սեր ու խաղաղություն է ենթադրում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG