Զինծառայության վերաբերյալ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում շուրջ 4 ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ:
Նախագծին կողմ էր 5, դեմ՝ 4 պատգամավոր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ քվեարկեց:
Օրինագծով առաջարկվում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ:
Տարիներ շարունակ բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները հայտարարել են, որ պետությունը կոռուպցիան արմատախիլ պետք է անի ոչ թե նման նախագծերի, այլ իրավապահ համակարգի օգնությամբ:
Նախորդ ամսվա վերջին Ազգային ժողովում փակ դռների հետևում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ու պաշտպանության նախարարը մի քանի ժամ քննարկել էին այս նախագիծը: