Մատչելիության հղումներ

«Ղարաբաղի տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»․ Սիմոնյանը՝ Մանուկյանին


Ալեն Սիմոնյան, Գեղամ Մանուկյան
Ալեն Սիմոնյան, Գեղամ Մանուկյան

Ղարաբաղի տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա, այսօր Ազգային ժողովում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե «ո՞վ է իրեն խորհուրդ տվել այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանն ուներ լեգիտիմ իրավունք հարձակվելու Արցախի վրա, քանի որ ՄԱԿ-ի բանաձևերն ուներ»։

Օրերս «Ազատության»-ը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի՞ Հայաստանից օկուպացնել տարածքներ, հարձակվել, Սիմոնյանը պատասխանել էր, որ ոչ, մեկ այլ հարց՝ իսկ հարձակվել Ղարաբաղի վրա, ԱԺ խոսնակը պատասխանել էր՝ հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։

«Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև», - ասել էր Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ պատերազմը որևիցե ձևով չի կարող արդարացված լինել։

«Դուք Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն և թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմ, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում, անձամբ ձեր կուսակցությունը՝ Դաշնակցությունը և նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ի՞նչ էիք անում», - այսօր, արձագանքելով Մանուկյանին, հայտարարեց Սիմոնյանը՝ շարունակելով․ - «Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին, և որևիցե նոր բան իմ ասածի մեջ չկա: Ինչ վերաբերում է Ձեր մեկնաբանությանը՝ ո՞րն է հիմարությունը, ո՞րն է ճիշտ, պատմությունը, կարծում եմ, դրա պատասխանը տվեց»։

Մանուկյանը հակադարձեց՝ ՄԱԿ-ի բանաձևերը չեն վերաբերվել Արցախի կարգավիճակին։

«Հրադադարի հաստատման, ռազմական գործողությունների դադարեցմանն են վերաբերել, դրա մասին է, ՄԱԿ-ի բանաձևերը որևէ կիսալեգիտիմ, նույնիսկ աննշան, Ադրբեջանին որևէ իրավական հիմք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու և Արցախի օկուպացիայի համար», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Սիմոնյանն էլ արձագանքեց․ - «Կարելի է մի բառից կախվել ու այդ բառի շուրջ ինչ-որ թեզ կառուցել, բայց փաստը մնում է փաստ՝ այդ տարածքը, ինչի մասին մենք խոսում ենք, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»։

Սիմոնյանի հետ «Ազատության» հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG