Մատչելիության հղումներ

Գերմանական SEFE ընկերությունը 10 տարվա պայմանագիր է կնքել SOCAR-ից գազ գնելու համար


Գերմանիայի պետական SEFE ընկերությունը 10 տարվա պայմանագիր է կնքել ասդրբեջանական SOCAR-ից գազ գնելու համար։

Այս տարի ուժի մեջ մտնող համաձայնագիրը թույլ է տալիս գերմանական առևտրային ընկերությանը տարեկան մինչև մոտ 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ ձեռք բերել Ադրբեջանից, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը։

Ադրբեջանական կապույտ վառելիքն, ըստ ամենայնի, Եվրոպա կհասնի Տրանսադրիատիկ (TAP) խողովակաշարի միջոցով, այս տեղեկատվությունը լրատվամիջոցին հայտնել են գործարքին ծանոթ երկու աղբյուր, ովքեր խնդրել են չհրապարակել իրենց անունները, քանի որ տեղեկատվությունը գաղտնի է։

TAP-ը 3,5 հազար կիլոմետր երկարությամբ «Հարավային գազային միջանցքի» վերջին հատվածն է, որն անցնում է Հունաստանի հյուսիսային հատվածով, Ալբանիայով և Ադրիատիկ ծովով, նախքան Իտալիայի հարավում ափ հասնելը։
Գերմանիայի և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունների միջև կնքված գործարքը կաջակցի արտադրության և ենթակառուցվածքների ներդրումներին՝ մեծացնելով Եվրոպա մտնող խողովակաշարային գազի ծավալները, համատեղ հայտարարությունում շեշտել են կողմերը։

Մինչ այդ Ադրբեջանն արդեն գազ է արտահանում Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Խորվաթիա, Սերբիա, Սլովենիա, Սլովակիա և Հյուսիսային Մակեդոնիա, ինչպես նաև հարևան Թուրքիա և Վրաստան:

Ալիևի վարչակազմը 2022 թվականին Եվրահանձնաժողովի հետ պայմանավորվել է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա՝ տարեկան հասցնելով 20 միլիարդ խորանարդ մետրի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG