Մատչելիության հղումներ

«Գերիների հարցը գուցե որոշակի լուծում ստանա». Բաքու մեկնած պատվիրակությունը մանրամասներ ներկայացրեց


Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքու այցելած Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներին հավաստիացրել է՝ հայ գերիների հարցով ակտիվ բանակցություններ են ընթանում, այսօրվա ասուլիսում հայտարարեց հայաստանյան պատվիրակության անդամներից Նաիրա Սուլթանյանը:

Երևանից Բաքու մեկնած պատվիրակությունն այցի շրջանակում հանդիպել էր նաև Հիքմեթ Հաջիևին, բարձրացրել գերիների հարցը:

«Ցավով պիտի ասեմ, որ հստակ ու կոնկրետ պատասխան չենք ստացել՝ թվի, մարդկանց անունների և այլն, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է», - ասաց Սուլթանյանը:

Թե ինչ բանակցությունների մասին է խոսքը, պարզ չէ: Բաքվի բանտերում 23 հայ գերի կա, նրանցից 7-ն արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկումների, իսկ 16-ի դատերը, այդ թվում՝ Արցախ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ավարտին են մոտենում, մեծ մասին սպառնում է ցմահ ազատազրկում, Ադրբեջանը նրանց մեղադրում է ծանր հանցանքների մեջ:

Բաքվից վերադարձած քաղհասարակության մյուս ներկայացուցչի՝ Բորիս Նավասարդյանի խոսքը մի փոքր ավելի լավատեսական էր. «Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ, ոնց և ինչպիսի լուծում կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ: Որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական չեն, չէի ուզենա դրանց մասին խոսել»:

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները պատասխան այցով էին Բաքվում: Ուղիղ մեկ ամիս առաջ էլ Երևանում էին ադրբեջանցի փորձագետները, նրանց թվում՝ Լաչինի միջանցքը փակած այսպես կոչված «Էկոակտիվիստներից» մեկը: Այդ հանդիպմանը հայ փորձագետները ցանկություն էին հայտնել Բաքու այցելության ընթացքում հանդիպել հայ գերիներին: Ինչո՞ւ նրանց խնդրանքը Բաքուն մերժեց, ի՞նչ հիմնավորմամբ, Նավասարդյանը պատճառներից չխոսեց, միայն ասաց՝ իրենց փոխանցվել է այցի օրակարգը, որից հասկացել են՝ գերիներին տեսակցություն նախատեսված չէ:

«Տեսակցելն առաջնահերթություն չէր մեր կողմից, թեև մենք այդ հարցը Երևանում բարձրացրել ենք: Մեզ համար կարևոր է, որ վերադարձի առումով լինի առաջընթաց», - ընդգծեց նա:

Հայ և ադրբեջանցի փորձագետները Բաքվում չեն շրջանցել նաև սահմանազատման օրակարգը

Այստեղ արդեն մեկուկես տարի է՝ գործնականում ոչ մի նորություն չկա, այն դեպքում, երբ Տավուշի հատվածում չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու գործընթացը երկու ամիս էլ չտևեց:

Պատվիրակության անդամներից Սամվել Մելիքսեթյանի խոսքով՝ Բաքվի պատկերացումն այն է, որ բարդ հարցերը մնան վերջին փուլում: Ստացվում է՝ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Ջերմուկից և Հայաստանի օկուպացված տարածքներից կձգվի՞ մինչև սահմանազատման գործընթացի ավարտը, Մելիքսեթյանը փոխանցեց թե՛ այդ, թե՛ անկլավ-էքսկլավների հարցով ադրբեջանական կողմի պատկերացումը. «Քանի որ իրենք հենց բարդ հարցերն են, իրենք մնում են սահմանազատման ավարտական փուլերում»:

Պատվիրակության անդամներից Արեգ Քոչինյանն էլ հայ հանրությանը փոխանցեց Ադրբեջանի նախագահի օգնականի ուղերձները. «Ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը. առաջինն այն է, որ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկն իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն ու գնան դեպի խաղաղություն, և իրենց համար չափազանց կարևոր է այս մեսիջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ ու երկարաժամկետ խաղաղություն կառուցել»:

Ալիևի օգնական Հաջիևի խնդրանքը փոխանցելուց հետո Քոչինյանը վիրավորական արտահայություններ հնչեցրեց Հայաստանում խաղաղությանը դեմ արտահայտվողների հասցեին, միայն թե չհստակեցրեց՝ կոնկրետ ում նկատի ունի. «Հայաստանի քաղաքական դաշտումբ այս պահի դրությամբ, ով որ դեմ է խոսում հայ-ադրբեջանական կարգավորմանն ու հայ-թուրքական կարգավորմանը, կա՛մ օտարերկրյա գործակալ է, սրիկա է, կա՛մ ապաքաղաքական ապուշ է»:

Թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մշտապես պնդել են՝ իրենք ոչ թե խաղաղությանն են դեմ, այլ դրան հասնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, որը ընդդիմախոսների գնահատմամբ՝ զիջողական է:

Արեգ Քոչինյանին տպավորել էր ադրբեջանցիների նրբանկատությունը, նաև մշակութային ընդհանրությունները, անգամ պահեր են եղել, երբ իրեն թվացել է՝ շրջապատում հայեր են. «Հեռախոսով որ խոսում են, զանգը վերցում են, էդ՝ «հա, брат», քեզ թվում է՝ կողքերդ հայերն են էդ պահին, էնքան նմանություններ կան էդ առումով, որ նույնիսկ զարմանալի է»:

Հայ փորձագետներն այցելել են նաև Բաքվի միակ հայկական չգործող եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Այս ձևաչափով շփումները կլինեն շարունականան, կողմերը նաև անվանումն են որոշել՝ «Խաղաղության կամուրջ»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG