Մատչելիության հղումներ

Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենի նկատմամբ տնային կալանք է կիրառվել


Գեղակերտի դպրոցի տնօրենը, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, բանտից տուն է տեղափոխվել: Նրա խափանման միջոցը տնային կալանքն ու երկրից բացակայելու արգելքն է: Անուշ Համբարձումյանը նախօրեին էր ձերբակալվել Վաղարշապատում նախընտրական քարոզարշավի օրերին բարեգործություն անելու համար:

Կուսակցական տնօրենը Վաղարշապատի համայնքապետի ընտրություններում տեղամասային հանձնաժողովի նախագահ պետք է լիներ ու այս օրերին՝ նախընտրական քարոզչության փուլում որպես հասարակական կազմակերպության ղեկավար համայնքի բնակիչներին հագուստ, տաք կոշիկներ, սնունդ էր բաժանում, վիրահատական ծախսերը հոգում: ՔՊ-ական Համբարձումյանի, այսպես ասած, բարեգործության մասին տեսանյութ էր տարածվել համացանցում:

Իշխող թիմի անդամ Համբարձումյանն էլ ֆեյսբուքյան իր էջում թվարկել էր՝ իր արած բարեգործության մասին, թե տարիներով այս կամավոր աշխատանքով զբաղվել է: Քրեական օրենսգրքով՝ քարոզարշավի ընթացում թեկնածուները, կուսակցականները, վստահված անձինք չեն կարող բարեգործություն անել, արգելված է, խախտողներն էլ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: Մինչև ձերբակալվելը իշխող կուսակցության անդամը մեղադրել էր լրատվամիջոցներին, թե տարիների բարեգործական աշխատանքը լրատվամիջոցները փորձում են այլ կերպ ներկայացնել, որն իրականության հետ, ըստ Անուշ Համբարձումյանի, աղերս չունի:

«Անկախ դիտորդ» կազմակերպությունն էլ էր գրել այս խախտման մասին ու Հակակոռուպցիոն կոմիտեն օրեր անց կոնկրետ քայլեր արեց: Այս դիտորդական կազմակերպությունը ահազանգում է նաև վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին: Օրինակ, որ իշխանության թեկնածուն նախընտրական քարոզարշավին բնակիչների հետ հանդիպման ժամանակ մարզպետարանի ու համայնքապետարանի աշխատակիցներին համայնքի այս կամ այն խնդիրը լուծելու առաջադրանք է տալիս, «Ազատության» հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը:

«Կամ գրանցում են խնդիրները գնում այդ հարցով զբաղվելու՝ մանկական խաղահրապարակ կամ այլ հարցեր: Նաև վարչական ռեսուրսի մասով գրել ենք պաստառների հետ կապված, որ փաստացի տրամադրվել են տարածքները նախապես ինչ-որ վարձակալության ու, ըստ էության, զբաղված են «Քաղաքացիական պայմանագրի» կողմից:

Որ Նիկոլ Փաշինյանի թիմը վարչական ռեսուրսի չարաշահում է թույլ տալիս, ահազանգում են նաև ընդդիմադիր թեկնածուները:

XS
SM
MD
LG