Հեղուկ գազի գինն արդեն 200 դրամի է հասել, հունիսի սկզբի 120 դրամի համեմատությամբ՝ ընդամենը երկու ամսում հեղուկ գազի գինը մոտ 67 տոկոսով թանկացել է։ Գազալցակայաններից մեկում վարորդներն ասում են՝ ստիպված կա՛մ ավելի քիչ են լցնում, կա՛մ ավելի քիչ են վարում, կա՛մ էլ անցել են բենզինի։
«Թանկացել է մի քանի անգամ: Պոլնի պիտի լցնեինք, կես ենք լցնում, էքան որ յոլա գնանք: Երեկ գազս պրծել է, թանկ է, բենզին եմ լցրել: Պետությունն ի՞նչ կապ ունի, վրացիքին է պետք տեղը դնել, սաղ խնդիրը սահմանի վրա է, մեր պետությունն ի՞նչ կապ ունի», - նշեց վարորդներից մեկը:
«Որ ասեմ՝ եսիմ ոնց է ազդում, չէ, բայց լավ կլինի, որ էժանանա», - հավելեց մյուսը:
Մինչ այդ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը հուլիսի 18-ից ուսումնասիրություն էր սկսել, այսօր հայտնել է արդյունքները, որ գների կտրուկ բարձրացումը հակամրցակցային պայմանավորվածությունների արդյունք չէ։ Ներմուծողները 170-ն են, նրանցից որևէ մեկը կամ մի քանիսը գերիշխող դիրք չունեն, իսկ հեղուկ գազի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի բարձրացմամբ, սեզոնային ավելացած պահանջարկով, սահմանային խցանումներով և Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով։
«Սոցիալ-տնտեսական կենտրոն»-ի նախագահ, փորձագետ Գագիկ Մակարյանը տարակուսում է՝ ինչո՞ւ է Հակամրցակցային հանձնաժողովը նման հայտարարություն անում, ահազանգերը սահմանին վրացական կողմի ստեղծած բարդությունների մասին են։
«Դրանից ոչ գինն է էժանանում, ոչ էլ տնտեսվարողի պրոբլեմն են լուծում, հետևաբար ի՞նչ կարիք կար այդ հայտարարությունն այդ ձևով կատարել: Ուշացումն արվում է նրա համար, որ հետո կաշառք վերցնեն, ու գնում են, վերցնում կաշառք, այսինքն՝ տրանսպորտային լոգիստիկ խնդիր չկա: Խցանումներն էլ այնքան չեն, որ այդպիսի կամակորություններ վրացական կողմը կկարողանա մեղքը գցել խցանված մեքենաների քանակի վրա», - նշեց նա, - «Ավելի շատ վրացիները շատ հանգիստ կաշառք են վերցնում»:
Բեռնափոխադրողներն օրեր առաջ անանուն մնալու պայմանով ահազանգել էին, որ Վրաստանում խիստ ու երկարատև ստուգումների են ենթարկում հեղուկ գազով բեռնատարները՝ օրերով մնալով սահմանին։ Նրանք հայտարարել էին՝ գործընթացն արագացնելու և սահմանն անցնելու համար հայ վարորդներից «կաշառք են պահանջում»։ «Ազատության» զրուցակիցն օրեր առաջ անգամ պահանջվող կաշառքի չափն էր նշել՝ 1500 դոլար։
Գագիկ Մակարյանն էլ ասում է՝ Հայաստանը պետք է այս հարցը բարձրացնի Վրաստանի առաջ։ Մակարյանը կարծում է, որ հարցը պետք է քննարկվի նաև Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովում, Հայաստանը պետք է արտահերթ նիստ նախաձեռնի։
Միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստը այս տարվա հունվարին էր, որը համանախագահել են երկու երկրների վարչապետները։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անցած շաբաթ հայտարարել էր, որ դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի իրավապահները ստուգեն հեղուկ գազի ներկրման ընթացքում կաշառքի մասին շրջանառվող տեղեկությունները և տեղեկացնեն Վրաստանի գործընկերներին։ Թե ինչպես են հայ իրավապահները ստուգելու վրացի մաքսավորների կողմից կաշառք պահանջելը կամ վերցնելը, որևէ պարզաբանում չհնչեց։
Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեից հայտարարեցին, որ դեռ ուսումնասիրության փուլում, են և հարուցված վարույթ չկա։
Մանրամասն՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.