Մատչելիության հղումներ

Գասպարյանը, Երանոսյանը մեղավոր ճանաչվեցին, բայց ազատվեցին պատժի կրումից


Վլադիմիր Գասպարյան, Լևոն Երանոսյան, արխիվ
Վլադիմիր Գասպարյան, Լևոն Երանոսյան, արխիվ

Շուրջ երկու տարվա քննությունից հետո դատարանն այսօր մեղավոր ճանաչեց Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանին, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանին ու Ոստիկանության նախկին երկու աշխատակիցների։ Բայց նրանցից ոչ մեկը չի ազատազրկվի՝ դատարանը համաներում կիրառեց։

«Դատարանը վճռեց՝ ամբաստանյալ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով», - հայտարարեց դատավոր Վարդգես Սարգսյանը:

Գասպարյանին առաջադրված առաջին հոդվածով անցել էր վաղեմության ժամկետը, իսկ երկրորդի դեպքում էլ, թեև վաղեմության ժամկետը չէր անցել, բայց դատավորը նախ դատապարտեց 6 տարվա ազատազրկման, հետո՝ համաներում կիրառեց։

«Մի հատ պիտի կարդանք, մի հատ հլը հասկանանք, դրանից հետո իհարկե մենք ընթացակարգով կգնանք: Քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ, դուր գալու համար իրանց ղեկավարներին, փորձել են, այնուամենայնիվ, մի քիչ ճարպիկություն անել», - լրագրողներին ասաց Գասպարյանը:

Հայաստանի ոստիկանությունը 7 տարի ղեկավարած Վլադիմիր Գասպարյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և վստահված գույքը հափշտակելու հոդվածներով։ Մասնավորապես՝ Ռազմական ոստիկանության վարչության պետի, հետո էլ՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում զինծառայողներին որպես թիկնապահ կցել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներին ու նրանց պետբյուջեից աշխատավարձ վճարել։ Տարիներ անց, երբ արդեն ոստիկանապետ էր, Ոստիկանության հաշվեկշռում գտնվող անշարժ գույքերը սեփականության իրավունքով Ոստիկանության ծառայողներին, այդ թվում՝ իր դստեր պրոդյուսերին է հատկացրել։

Գասպարյանն այսօրվա վճռից հետո հայտարարեց, թե արդարացում է պահանջում և կբողոքարկի այն. - «Կծանոթանանք, ըստ այնմ մենք լուծումը կտանք: Իհարկե ես գնալու եմ արդարացման ճանապարհով»:

Գասպարյանը դեռ երեկ էր խոսել իր նախկին աշխատակից, Երևանի, ապա՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանից, ասել, որ նա է իր դեմ ցուցմունք գրել ու իրավապահներին պատմել, որ Գասպարյանն իր աշխատակիցներին բնակարաններ է նվիրել։ Օսիպյանը, սակայն, ըստ Գասպարյանի, իրավապահներին ուղղված դիմումում չէր նշել, որ Գասպարյանն իրեն էլ է պետության փողերով բնակարան նվիրել։

Օսիպյանը Գասպարյանից պահանջում է հրապարակել «իր ցուցմունքները»

Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը ստանձնած Վալերի Օսիպյանը հերքում է Գասպարյանի պնդումն՝ այն որակելով սուտ, և Գասպարյանից պահանջում է հրապարակել իր ցուցմունքները, եթե իհարկե, դրանք գոյություն ունեն։

«Եթե նախաքննական մարմնում ցուցմունք է գրվում, ապա դու հանդես ես գալիս վկայի կարգավիճակով, որպես վկա, գնում ես դատարան, բայց նման բան չի եղել, ես որևէ կարգավիճակ չեմ ունեցել և ո՛չ ես, ո՛չ էլ ոստիկանության որևէ ծառայող որևէ մեկի դեմ ցուցունք չի տվել», - «Ազատության»-ն ասաց նախկին ոստիկանապետն ու, առանց մանրամասնելու հավելեց՝ պարզապես այդ օրերին ոստիկանությունը նման հաղորդում է ստացել, իրենք էլ կատարել են օրենքի պահանջն՝ այն ուղարկել են նախաքննական մարմնին, որն էլ քրեական գործի քննության պատասխանատուն է։

Միևնույն ժամանակ, Օսիպյանն ասաց՝ այո՛, ինքն էլ է ստացել պետության փողերով գնված բնակարանը, և Գասպարյանին չէր հակադարձի, եթե նա իր հասցեին վիրավորական արտահայտություններ չհնչեցներ։

Նախկին ազդեցիկ պաշտոնյան այսօր ասաց՝ իր դեմ էլի ցուցմունք տվողներ կան, բայց այդպես էլ այլ անուններ չհնչեցրեց։ Նա մի կողմից հայտարարեց, թե այս քրեական գործը քաղաքական հետապնդում չի համարում, մյուս կողմից էլ պնդեց, թե իրեն ցուցմունքների հիման վրա չեն դատում, չմանրամասնելով՝ ինչ նկատի ունի։

«Եկեք ժամանակը երբ որ գա՝ հանրայնացնենք, էն ժամանակ կհանրայնացնենք: Հիմա էդ մարդիկ աշխատում են, կամ չեն աշխատում, աշխատում են, թե չեն աշխատում, իմ համար էական նշանակություն չունի: Ես անցել եմ էդ էտապների մեջով և չեմ կարծում, որ անուններ տալով պետք ա հարցերը լուծվի: Ով ինչ անում ա՝ իրան ա անում», - հայտարարեց Վլադիմիր Գասպարյանը:

Չնայած վճռին անհամաձայնությանը, նախկին ոստիկանապետն ընդգծեց՝ իրեն մեղավոր ճանաչած դատավոր Վարդգես Սարգսյանի մասին դրական կարծիք ունի. - «Վճիռը կայացնում են էն փաստերի վրա, որը ունեն: Բացարձակապես: Ընդհակառակը, ես, ավելին ասեմ, ես բավականին բարձր կարծիքի եմ Վարդգես Սարգսյանի անձի նկատմամբ»:

Մեղքը չընդունող նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը քչախոս էր. - «Ես չեմ կարող ասել՝ դատավորի վրա ճնշում կար թե ոչ, բայց, համենայն դեպս, սա վճիռ չէր, որ կայացվավ»:

Այսօր ավարտված գործը 18 տարի Հայաստանի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր գասպարյանին առնչվող միակ դատաքննությունը չէ։ Դեռ ընթացքի մեջ է նրա ապօրինի հարստացման վարույթը, ինչպես նաև 2000-2018 թվականների պաշտոնավարման ընթացքում ապօրինի 4 միլիոն դոլար օրինականացնելու գործը։ Գեներալ-լեյտենանտն այս դեպքում էլ մեղադրանքը չի ընդունում։

XS
SM
MD
LG