«Փաշինյանը ունի հստակ խնդիր՝ ոչնչացնելու հայ ժողովրդի իմունիտետը: Հայ ժողովրդի իմունիտետը դա Հայ Առաքելական եկեղեցին է», - հայտարարում է հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:
Այս նպատակի համար էլ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, կանգ չի առնում, պնդում է հրապարակախոսը: Կաթողիկոսի եղբորը՝ Եզրաս սրբազանին վերագրվող փաստաթուղթն էլ, որ ՔՊ-ականները երեկվանից տարածում են, ասում է, այդ շրջանակում է:
«Ինքը փորձելու է մասնատել և Էջմիածինը դարձնել Հայաստանի եկեղեցի: Էդ Հայ Առաքելական համընդհանուր, այսպես ասած, եկեղեցին վերացնելու է», - «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Պասկևիչյանը:
Իշխող կուսակցության կայքը երեկ հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունից ստացած մի փաստաթուղթ, ըստ որի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս սրբազանը 80-ականներին համագործակցել է սովետական ԿԳԲ-ի հետ: Փաշինյանի թիմակիցներն ակտիվ տարածում են այս թուղթը՝ որպես ապացույց վարչապետի պնդումների, թե Կաթողիկոսն ու նրա ընտանիքը օտարերկրյա գործակալ են:
«Եվ ես կարծում եմ, որ դա վերջում լինելու է մեր ԱԱԾ-ի արդարացման փաստարկներից մեկը, որ դա հորինել են, ես երեկ էլ գրել էի, որ դա վերջում գցելու են Civic.am-ի վրա», - նշեց հրապարակախոսը:
Տիգրան Պասկևիչյանը կասկած չունի՝ փաստաթուղթը կեղծ է. - «Եթե Լատվիայում փաստաթուղթը նման եղել է ռուսերեն՝ Լատվիան, Մերձբալթիկան շատ ավելի հակառուս էին և շատ ավելի իրենց լեզուն, բանը պահող էին, եթե Լատվիայում եղել է ռուսերեն, Հայաստանում պիտի լիներ ռուսերեն ու ռուսերեն»:
Եթե նույնիսկ իրական էլ լիներ, հետո՞ ինչ, ասում է հրապարակախոսը: Ենթադրենք, Սովետական Միության օրոք Եզրաս սրբազանին էլ, ինչպես շատերին, հավաքագրել են, ուրեմն երկրի դե՞մ է գործել, ավելի՞ մեծ վնաս է հասցրել Հայաստանին, քան Նիկոլ Փաշինյանը, հարցնում է Պասկևիչյանը:
«Մեծ հաշվով, կարող է՞ ավելի շատ վնաս է տվել, քան Նիկոլ Փաշինյանն է վնաս տվել Հայաստանին և հայությանը, հա՞՝ Արցախ է կորցրել, 5 հազար մարդու է զոհել, Հայաստանի սահմաններում ադրբեջանական զորք է թույլ տվել, որ մտնի կանգնի... չէ, ինչի՞ մասին է խոսքը: Էս մարդը ի՞նչ շփում ունի Հայաստանի շահերի հետ, ասենք, ինչքանո՞վ է իր գործունեությամբ պայմանավորված Հայաստանի շահերի հզորացումը կամ նվազեցումը, պակասեցումը, թուլացումը՝ ոչ մի կապ չունի», - նշեց հրապարակախոսը:
«Այսինքն, ձեզ համար նորություն է՞, որ Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից». - Եզրաս սրբազանին վերագրվող փաստաթղթի հրապարակումից մեկ օր առաջ վարչապետ Փաշինյանն առանց փաստերի նորից պնդել էր, թե Կաթողիկոսը կառավարվում է դրսից: Ու հորդորել էր հետևել փաստերին: Նրա խոսքերից մեկ օր անց իր ղեկավարած կուսակցության լրատվական կայքում հայտնվեց ԱԱԾ-ից փոխանցված այս թուղթը:
«Եթե ասում եք ԿԳԲ-ի գործակալ, ԿԳԲ-ն որպես այդպիսին գոյություն չունի: Եթե էդ մարդը որպես գործակալ փոխանցվել է ՖՍԲ-ին, որը էսօր Ռուսաստանի նույն ԿԳԲ-ն է, ասեք ՖՍԲ, իր անունը տվեք, վախենում ե՞ք ասեք էդ անունը; Եթե վախենում ենք, էս ի՞նչ կապիկություն է: Ինքը դիակի հետ կռիվ է անում, իսկ ՖՍԲ-ի մասին վախենում է ասի, որովհետև ՖՍԲ-ից կարա պատասխան ստանա, ԿԳԲ-ից չի կարա պատասխան ստանա», - ընդգծեց հրապարակախոսը:
Այս պատմության մեջ ամենավտանգավորն ու խայտառակությունը ԱԱԾ-ի դերակատարումն է, ասում է Տիգրան Պասկևիչյանը. - «Մեծ խայտառակություն է Ազգային անվտանգության ծառայության համար»:
Այս կարևորագույն կառույցը, նրա պնդմամբ, դարձել է քաղաքական գործիք Փաշինյանի ընդդիմախոսների դեմ: Ընդհուպ կարող են վտանգավոր նախադեպ ստեղծել՝ հրապարակել Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցողների անունները, վարկաբեկել այդ համագործակցությունը, որը նաև երկրի օգտին է լինում, նշում է հրապարակախոսը. - «Էդ գործակալական ցանցը դա ցանկացած անվտանգության ծառայության հարստությունն է: Եվ որևէ քաղմաս, ասենք՝ Դավթաշենի քաղմասը, իր իրազեկողներին չի բացահայտում»:
Տիգրան Պասկևիչյանի տպավորությամբ՝ Կաթողիկոսի դեմ Փաշինյանի պայքարին ԱԱԾ-ի այս փաստաթուղթը չօգնեց, ինչպես ակնկալում էին. - «Ամբողջ լրահոսում ՔՊ-ականներն են միայն, որ առաջ են մղում էս բանը: Առողջապահության նախարարը, ուրեմն, էս նյութն է տարածում: Եղբայր, քո ի՞նչ գործն է այս նյութը: Եթե առողջապահության նախարարը ցնծության մեջ տարածում է էս ֆեյք փաստաթուղթը, վաղն էլ կվերցնի, չգիտեմ, ինչ-որ մեկի հիվանդության պատմությունը կտարածի»:
Գործակալ լինելու վերաբերյալ մի փաստաթուղթ էլ իշխանության առանցքային դեմքերից մեկի՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի անունով կա: Չորս տարի առաջ՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը փաստաթղթեր հրապարակեց՝ պնդելով, թե Միրզոյանը 2007-ին հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից:
Նախարարն ընդունել էր, որ համագործակցել է ԱԱԾ-ի հետ, իր ստորագրությունն է, բայց գործակալ լինելու մեղադրանքը՝ հերքել: Բացատրել էր, թե ինչու է համագործակցել. - «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ինձ՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, ով այդ շրջանում ցեղասպանությանն անդրադարձող, ցեղասպանության տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում նաև արտասահմանյան պարբերականներում, ահա, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դիմել է ինձ և խնդրել, առաջարկել աջակցել իրենց այս օրակարգով»:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն ընդունո՞ւմ է, որ այս փաստաթուղթն իրական է: Ինչպե՞ս է մեկնաբանում: Թեմից մինչ այս պահը չեն արձագանքել, Մայր Աթոռից էլ «Ազատության» զանգերին չպատասխանեցին:
«Նրանք, ովքեր ապացույցներ էին պահանջում, որ Կտրիճի եղբայր Եզրասը հավաքագրված գործակալ է, ստացան։ Այլևս աներկբա է, որ Կտրիճն ու նրա եղբայրը, ովքեր եկեղեցին վերածել են Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի և դրա դիմաց շքանշաններ են ստացել, պետք է հեռանան», - Ֆեյսբուքում գրել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
ՔՊ-ականները, որ մինչև վերջերս Կաթողիկոսի հրաժարականը պահանջում էին կուսակրոնության ուխտը խախտելու պնդումով, երեկվանից այս փաստաթղթով են պահանջում՝ Գարեգին Երկրորդը անհապաղ պետք է լքի Մայր Աթոռը: Կաթողիկոսը հրաժարականի մասին անգամ ակնարկ մինչ օրս չի արել: