Արևմտյան Եվրոպայի առաջատար պետությունները կապեր են հաստատում Սիրիայի նոր իշխանությունների հետ։
Reuters գործակալության տվյալներով՝ գերմանացի դիվանագետներն այսօր կհանդիպեն Դամասկոսը գրաված, ԵՄ-ի, Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ներկայացուցիչների հետ։
«Հանդիպումների ընթացքում քննարկվելու է Դամասկոսում Գերմանիայի դիվանագիտական ներկայության վերականգնման հարցը։ Մեր ուշադրության կենտրոնում կլինի նաև այն հանգամանքը, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի արմատները գալիս են «Ալ-Քաեդայից», - նշել է Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ «մինչ այս պահը նրանք բավական շրջահայաց էին գործում»։
Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ օրերս «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մոհամադ ալ-Ջուլանիի հետ հանդիպել են նաև պաշտոնական Լոնդոնի ներկայացուցիչները։
«Բաշար Ասադի տապալումից մի քանի օր անց Դամասկոս ժամանած պատվիրակության կազմում են եղել Սիրիայի հարցով Լոնդոնի հատուկ ներկայացուցիչ Էնն Սնոուն և Միացյալ թագավորության ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության ղեկավար Ստիվեն Հիքին»,-հաղորդում են բրիտանական աղբյուրները։