Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Վրաստանի վերաբերյալ բանաձևը, որը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ, իսկ Եվրահանձնաժողովին՝ գնահատել Վրաստանում վերջերս ընդունված աղմկահարույց օրենքների ազդեցությունը երկրի ստանձնած պարտավորությունների համատեքստում։
Հինգ քաղաքական խմբերի կողմից համաձայնեցված փաստաթուղթը պնդում է, որ իշխող «Վրացական երազանքի» քայլերը «գործիքներ են, որոնք օգտագործվում են կառավարության կողմից խոսքի ազատությունը ոտնահարելու, լրատվամիջոցների գրաքննության, քաղաքացիական հասարակության և հասարակական սեկտորի քննադատական ձայների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու կամ բնակչության խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար»:
«Անհամատեղելի են ԵՄ արժեքների և ժողովրդավարական սկզբունքների հետ, հակասում են Վրաստանի ԵՄ ինտեգրման հավակնություններին, վնասում են Վրաստանի միջազգային հեղինակությունը և վտանգի տակ են դնում երկրի եվրաատլանտյան ինտեգրումը», - ասված է Եվրամիության խորհրդարանում շրջանառության մեջ դրված բանաձևի նախագծում:
Չնայած միջազգային գործընկերների կոչերին, նախագահի դրած վետոյին՝ Թբիլիսին ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Վրաստանի խորհրդարանն ընդունել է նաև օրինագծերի փաթեթ, որը նախատեսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակում։ Եվրամիությունը դատապարտել է նաև այս օրենքի ընդունումը՝ նշելով, որ «այս փաթեթը խարխլում է Վրաստանի բնակչության հիմնարար իրավունքները և սպառնում է խտրականության աճին բնակչության մի մասի նկատմամբ։