Մատչելիության հղումներ

Եթե ​​լինի շահագրգռվածություն, Թբիլիսին պատրաստ է ակտիվ մասնակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին․ Կոբախիձե


Կոբախիձեն Բաքվում՝ COP29-ի շրջանակներում, 13-ը նոյեմբերի, 2024թ․
Կոբախիձեն Բաքվում՝ COP29-ի շրջանակներում, 13-ը նոյեմբերի, 2024թ․

Վրաստանը պատրաստ է ակտիվ մասնակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, եթե լինի շահագրգռվածություն, վրացական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ընդգծելով՝ Վրաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։

Վրաստանի գործադիրի ղեկավարը շեշտել է՝ չնայած հարևանների միջև հակամարտությանը՝ «Վրաստանը միշտ ճիշտ, հավասարակշռված քաղաքականություն է վարել»։

«Եթե լինի շահագրգռվածություն, որ Վրաստանն ավելի ակտիվ մասնակցի բանակցություններին միջնորդի կամ այլ կարգավիճակով, մենք միշտ պատրաստ ենք և դա ուժի մեջ է։ Եթե լինի շահագրգռվածություն, մենք պատրաստ ենք մեր աջակցությունն առաջարկել թե՛ հարևան, թե՛ բարեկամ երկրներին», - ասել է Կոբախիձեն։

Նմանատիպ հայտարարություն Կոբախիձեն օրերս արել էր նաև Բաքվում՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Թբիլիսին պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն առաջ մղելու համար։

Դեռ սեպտեմբերին Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ տրամադրել Երևանին ու Բաքվին, որը հնարավորություն կտա վերականգնելու վստահությունը երկու երկրների միջև։

Թբիլիսին անցած տարիներին փորձել է հյուրընկալել հակամարտող հարևաններին։ 2021-ի ամռանն Ադրբեջանում պահվող 15 հայ գերիներն ազատ արձակվեցին նաև Թբիլիսիի միջնորդությամբ, հաղորդվում էր, որ գործընթացում այն ժամանակվա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG