Մատչելիության հղումներ

Թբիլիսին պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանի կայունության հարցում. Կոբախիձե


Հայաստանի և Վրաստանի վարչապետները, դիմավորման պաշտոնական արարողություն Թբիլիսիում, 16-ը սեպտեմբերի, 2024թ.
Հայաստանի և Վրաստանի վարչապետները, դիմավորման պաշտոնական արարողություն Թբիլիսիում, 16-ը սեպտեմբերի, 2024թ.

Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոբախիձե

Թբիլիսին պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանի կայունության հարցում, այսօր Հայաստանի վարչապետի հետ ճեպազրույցում հայտարարեց Վրաստանի վարչապետն առանց հավելյալ մանրամասների։

«Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Մեր ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են։ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը։ Պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ՝ ապահովելու կայունությունը տարածաշրջանում մեր ուժերի ներածին չափով», - ասաց Կոբախիձեն։

Պաշտոնական այցով Թբիլիսի մեկնած Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը, ըստ նրա, տարածաշրջանի կայունության գործոն է։ Բացի այդ, երկու երկրները պետք է սկսեն դելիմիտացիայի գործընթաց։

«Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր շահերի, փոխադարձ հարգանքի ու համընդհանուր զարգացմանն ուղղված տնտեսական համագործակցության վրա», - նշեց նա։

Իրապես հավատում եմ՝ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն. Փաշինյան

Փաշինյանը վրացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքը, կրկին հայտնել, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի տեքստի մեծ մասը, վարչապետի խոսքով՝ 80 տոկոսը։

«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչև այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ», - նշեց նա։

Չնայած Բաքվից ու Մոսկվայից հնչող պահանջներին, թե նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Երևանը պետք է Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհ տա ռուսական կողմի վերահսկողությամբ, այսօր Հայաստանի վարչապետը կրկին խոսեց «տնտեսական բոլոր ենթակառուցվածքների և կապուղիների ապաշրջափակման մասին»՝ հղելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Համոզված եմ նաև, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան, Իրանը: Ահա այս է պատճառը, որ չնայած բոլոր բարդություններին, մեր կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ», - ասաց նա։

Ե՛վ Փաշինյանը, և՛ Կոբախիձե վստահեցրին, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում, իսկ Երևանն ու Թբիլիսին տարեսկզբին ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Այսօրվա այցի արդյունքում ստորագրված նոր փաստաթղթերի մասին չի հայտարարվել։

XS
SM
MD
LG