Մատչելիության հղումներ

Եթե աշակերտների գնահատականները լինեն բարձր, բայց գլուխները՝ դատարկ, շատ ծնողներ, ըստ ուսուցչի, գոհ կլինեն


Երևանում Հովսեփ Խաչատրյանը թողել է ծրագրավորողի աշխատանքն ու ավելի հեռու՝ Ստեփանավանում, ուսուցչի գործ սկսել: Դպրոցում արդեն մեկ տարի մաթեմատիկա է դասավանդում, ինչն ավելի սրտամոտ է, հետաքրքիր ու կարևոր իր համար, ասում է Հովսեփը:

«Իմ մոտ հարց էր առաջացել, թե արդյոք այն, ինչով ես զբաղվում եմ, այն մաքսիմալն է, որ ես կարող եմ անել, կամ արդյոք օգտակար է այն ամեն ինչը, ինչով զբաղվում եմ, ու այդ հարցերի արդյունքում եկա այն եզրակացության, որ եթե ուզում ենք, որ մեր միջավայրը, մեր պետությունը, մեր հայրենիքը լինի ավելի լավը, քան այսօր, ուրեմն պետք է ավելին անենք, քան մինչև հիմա արել ենք: Այդ ավելին անելու մեջ նաև մեր սերունդներին հնարավորություն տալն է մտնում՝ ստանալու որակյալ կրթություն, հնարավորություն՝ իմանալու, թե ինչ է տեղի ունենում աշխարհում», - «Ազատության» հետ զրույցում պատմեց նա:

Մայրաքաղաքից Լոռու փոքրիկ քաղաք տեղափոխված երիտասարդ մասնագետը մաթեմատիկորեն հաշվարկում ու փաստում է՝ այսօր կրթության համակարգի հիմնական բացերը ոչ միայն ուսուցչի ցածր աշխատավարձից են:

«Երբ որ ես հանրակրթության ոլորտ որոշեցի մտնել, իհարկե, մտավախություն ունեի, որ կարող է այդքան էլ պատրաստված աշակերտների չհանդիպեմ, բայց, համենայնդեպս, հույս ունեի, որ տենց ձգտում կունենան, սովորելու ցանկություն կունենան, հաջողության հասնելու ցանկություն կունենան: Եվ այդ ցանկության համարյա իսպառ բացակայությունն է ինձ ահագին թևաթափ արել սկզբնական շրջանում», - ասաց Հովսեփն ու ավելացրեց, որ ավելի շատ ծնողների ակնկալիքներն են իրեն զարմացրել:

Ծնողների միակ սպասելիքը ուսուցչից բարձր գնահատականներն են. «Ոչ մի ծնող այս մի տարվա ընթացքում, որ աշխատում եմ, չի մոտեցել ինձ ու չի ասել, թե՝ բա խի՞ իմ երեխան այս ինչ բանը չգիտի, կամ ինչո՞ւ լավ չեք բացատրել այս բանը, բայց շատ ծնողներ մոտեցել են ու խնդրել, որ ընդառաջեմ իրենց երեխային գնահատականի հարցում։ Այսինքն՝ գիտելիքը որպես նպատակ չի դիտարկվում, և գնահատականը որպես հետևանք չի դիտարկվում, այլ գնահատականը հենց ուղիղ որպես նպատակ է դիտարկվում: Բոլորը շատ գոհ կլինեն, եթե աշակերտների գնահատականները լինեն բարձր, իսկ գլուխները՝ դատարկ»:

Ինչո՞ւ է այսօր դպրոցներում առաջնայինը գնահատականը թե՛ ծնողների ու թե՛ աշակերտների համար. Հովսեփը ենթադրում է, թե մարդիկ դեռ ձևական գովասանքի, գլուխ գովալու հետևից են գնում:

«Չգիտեմ, կարող է գլուխ են գովում, որ լավ է սովորում, այդ ամեն ինչը նույնացնելով, որ լավ սովորելն ու գերազանցիկ լինելը նույնն է։ Բայց իրականում շատերը լավ չեն սովորում, բայց բարձր գնահատականներ են ստանում, ու արդյունքում ստացվում է, որ այդ ամեն ինչը... կեղծիքի մեջ ենք էլի ապրում որպես հասարակություն, այսինքն՝ մենք ունենք գնահատականներ, որոնք գիտելիքների հետ ընդհանրապես կապ չունեն», - նկատեց նա:

Արդյունքում պարզապես բարձր գնահատականի ձգտումով դպրոցն ավարտած աշակերտները հայտնվում են բուհերում, հետո նաև աշխատաշուկայում՝ առանց որևէ արժեք ստեղծելու, նշեց Հովսեփ Խաչատրյանը:

Երևանից տեղափոխված երիտասարդ մաթեմատիկոսն ասում է՝ թեև Երևանում ու մարզում կրթության խնդիրները նույնն են, բայց մեծ ու փոքր քաղաքներում ապրելակերպն է տարբեր:

«20-ից ավելի տարիների ընթացքում, որ Երևանում ապրել եմ, Երևանը ինձ համար քանի գնացել, ավելի անտանելի է դառել այն տեսանկյունից, որ քանի գնացել, ավելի շատացել են մարդիկ, մեքենաները, շենքերը, փոշին, խցանումները, ու որ համեմատում ես, թե ինչ ես տանում դրա դիմաց, ահագին ավելի քիչ է, քան արժեր ստանալ Երևանում ապրելու չարչարանքի ու տանջանքի դիմաց», - նշեց նա:

Երևանյան չարչարանքից ու տանջանքից հեռացած երիտասարդը Ստեփանավանում է իր նորաստեղծ ընտանիքի հետ: Ասում է՝ արդեն մտադիր են այստեղ տուն գնել ու երբեք չեն մտածում մեծ մայրաքաղաք վերադառնալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG