Մատչելիության հղումներ

Երուսաղեմի իշխանությունները ցանկանում են բռնագանձել Հայոց պատրիարքարանի գույքը. տեղից պնդում են՝ անհիմն է


Երուսաղեմի քաղաքային իշխանությունները ցանկանում են բռնագանձել Հայոց պատրիարքարանի գույքը՝ պատճառաբանելով, թե հոգևոր կառույցը 1994 թվականից չի վճարել իր տարածքի վարձակալությունից կուտակված հարկը։ Մինչդեռ պատրիարքարանն ու տեղի հայերը պնդում են՝ քաղաքային իշխանությունների պահանջն անհիմն ու անարդար է, և արդեն դատարան են դիմել՝ կանխելու պատրիարքության գույքի բռնագանձումը:

«Եթե, Աստված մի արասցե, Պատրիարքարանի հայցը մերժվի, Երուսաղեմի քաղաքապետարանը կզավթի Պատրիարքարանին պատկանող անշարժ գույքը և այն կհանի աճուրդի, որպեսզի հավաքի ենթադրյալ վիճարկվող պարտքերը, որոնք երբևէ չեն ապացուցվել դատական գործընթացներում և մինչ այժմ գոյություն ունեցող սովորույթների համաձայն երբևէ չեն կիրառվել», - հայտարարել են Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից՝ շեշտելով, որ քաղաքապետարանը իրավական հիմքեր չի ներկայացրել ու չի պարզաբանել՝ ինչպես է կուտակվել ենթադրյալ պարտքը։

Ավելին, ըստ հաղորդագրության, դրա զգալի մասը վերաբերում է մի գույքի, որը փաստացի վարձակալությամբ է տրված հենց Երուսաղեմի քաղաքապետարանին։ Պատրիարքարանից չեն նշում, թե որքան պարտքի մասին է խոսքը, և ինչ շինություններ են բռնագանձման վտանգի տակ։ Երուսաղեմի հին քաղաքի մի զգալի հատվածում է հայկական թաղամասը, որտեղ էլ պատրիարքարանի շինություններն են՝ Սրբոց Հակոբյանց վանքը, վանքապատկան շինությունները, թարգմանչյաց դպրոցը, հայկական տպարանը։

Հայոց պատրիարքարանը թիրախավորվում է. Արման Թաթոյան

Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող միջազգային փաստաբանական խմբի անդամ Արման Թաթոյանի խոսքով՝ կուտակված ենթադրյալ պարտքն ավելի քան 7 միլիոն դոլար է. «Երուսաղեմի համայնքապետարանը փորձում է հավաքագրել հարկեր, ընդ որում միայն թիրախավորելով Հայոց պատրիարքությանը, որ ավանդույթի ուժով այն գույքի համար, որը ենթակա չէ ընդհանրապես հարկման, և այստեղ շատ հստակ նաև պատմական կարևոր ավանդույթներ կան»:

Արման Թաթոյանը ևս պնդեց՝ Երուսաղեմի քաղաքապետարանի ներկայացրած պահանջն անհիմն է, բացատրեց՝ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցները Երուսաղեմում ազատված են եղել հարկերից, դեռ Օսմանյան կայսրությունից սկսած։ Ըստ իսրայելական օրենքի՝ հարկային պարտավորություն ունեն միայն այն հոգևոր կառույցները, որոնք առևտրային գործունեություն են ծավալում։

Երուսաղեմի հայ համայնքի շահերի ներկայացուցիչը հիմնավորում է՝ պատրիարքությունը առևտրային գործունեությամբ չի զբաղվում, իսկ վարձակալության տված գույքի շահույթն էլ ուղղում է եկեղեցապատկան գույքի պահպանման ու տպարանի, դպրոցի ծախսերին։

«Ավելին, ինքը՝ համայնքապետարանը պարտք է մեր պատրիարքությանը: Փոխանակ մտածեն դա վերադարձնելու մասին, խտրական մոտեցմամբ միայն թիրախավորել են մեր պատրիարքությունը, եկեղեցին», - նկատեց Արման Թաթոյանը:

Ըստ Թաթոյանի՝ հանձնաժողովը պատշաճ չի գործում

Երուսաղեմում գտնվող եկեղեցապատկան գույքերը հարկելու մասին քաղաքային իշխանությունները դեռ 2018-ին էին հայտարարել՝ հայտնելով, թե շուրջ 200 միլիոն դոլարի գույքահարկ չեն վճարել Հռոմի Կաթոլիկ, Հույն Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիները։ Սակայն բողոքի մեծ ալիքից հետո իշխանությունները հետ կանգնեցին հարկերի բռնագանձման գործընթացից։ Դեռ այն ժամանակ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ այդ հարցով հանձաժողով է ձևավորվել։

Ըստ Արման Թաթոյանի՝ հանձնաժողովը պատշաճ աշխատանքներ չի կարողացել տանել: Թե ինչու են քաղաքային իշխանությունները հիմա միայն հայկական եկեղեցուց պահանջում ենթադրյալ չվճարված հարկը, հայ համայնքում միայն ենթադրություններ ունեն։

«Երևի ինչ-որ ճնշման մեխանիզմ է, ճնշման փորձեր են Հայոց պատրիարքարանի վրա առանձնացնելու, որովհետև երևի համարում են, որ ամենաթույլ օղակն է այս եկեղեցիների միջև», - «Ազատությանն» ասաց Երուսաղեմի բնակիչ Սեդրակ Բադալյանը:

«Ազատություն»-ը դիմել է Երուսաղեմի քաղաքապետարան՝ մեկնաբանություն ստանալու համար։ Պատասխան առայժմ չկա։

Պատրիարքը դիմել է Իսրայելի վարչապետին

Իսկ պատրիարքարանից դեռևս հրաժարվում են մեկնաբանություններից։ Օրեր առաջ Հայոց պատրիարքն օգնության խնդրանքով դիմել է Իսրայելի վարչապետին։ Պատրիարք Նուրհան Մանուկյանն իր նամակում մասնավորապես հորդորել է Իսրայելի վարչապետին միջամտել, որ Երուսաղեմի քաղաքապետարանը դադարեցնի Հայոց պատրիարքության դեմ գործողություններն ու խնդրին լուծում տալու նպատակով վերսկսի կառավարական հանձնախմբի հետ հանդիպումները։

Փաստաբան Արման Թաթոյանն ասաց՝ վտանգի տակ է Երուսաղեմի հայկական ներկայությունը, այդ խնդրի վրա պետք է կենտրոնացնել ոչ միայն Սփյուռքի, այլև միջազգային հանրության ուշադրությունը: Նա մտահոգիչ է համարում, որ Հայաստանի կառավարությունն այս հարցին չի միջամտում. «Մենք ամեն դեպքում չենք տեսնում Հայաստանի կառավարության աջակցությունը, ինչը շատ մտահոգիչ է, մինչդեռ ՀՀ կառավարությունը պետք է առաջինը լիներ այս հայապահպանության, հայոց եկեղեցու դարերի ներկայության ապահովման, երաշխավորման հարցերում»:

Զարեհ Սինանյանի արձագանքը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ևս ընդունում է՝ Երուսաղեմում հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, բայց թե ինչ կարող է անել Հայաստանի կառավարություն այս հարցում, շատ կարճ է արձագանքում. «Պատկերացրեք՝ որքան դժվար է ՀՀ համար, մի երկիր, որ նոր սկսում է Իսրայելի հետ դիվանգիտական հարաբերություններ հաստատել, որևէ ձևով ներազդել այս իրավիճակի վրա»:

Հայոց պատրիարքությունը նաև Երուսաղեմի հայկական թաղամասի 25 տոկոսը զբաղեցնող «Կովերի պարտեզ» կոչվող տարածքի պատճառով է դատարանում հայտնվել։ Տարածքը տարիներ առաջ վաճառվել էր իսրայելական ընկերություններից մեկին։ Տարածքում հիմա տեղի հայերն են հերթապահում՝ կանխելու հնարավոր շինարարական աշխատանքները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG