Մատչելիության հղումներ

Հոգևորականներն ու ուժայինները Մայր Աթոռում են, իրավիճակը պարբերաբար լարվում է (ուղիղ միացում)

Լրացված

«Ազատության» ուղիղ հեռարձակումը Մայր Աթոռից.

13:20

Հավաքվածները պատրաստվում են շրջափակել Վեհարանի բոլոր մուտքերը, որպեսզի թույլ չտան իրավապահներին տանել Աջապահյանին: Նրանք այս պահին աղոթք են հնչեցնում:

13:00

Մայր տաճարի զանգերը անդադար ղողանջում են:

Հոգևորականներից մեկն «Ազատությանն» ասաց՝ սա օգնության կանչ է:

12:35

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դարպասների մոտ ևս մեկ բախում ու հրմշտոց գրանցվեց, քաղաքացիները շարունակում են թույլ չտալ իրավապահներին այստեղից տանել Շիրակի թեմի հոգևոր առաջնորդին:



12:28

Միքայել Աջապահյանը Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին վերադարձավ Վեհարան:

Իրավիճակը տարածքում շարունակում է լարված մնալ: Ուժայիններին են միացել նաև կարմիրբերետավորները:

12:10

Իրավիճակը Մայր Աթոռում կրկին լարվեց. հավաքվածները փորձում են թույլ չտալ, որ իրավապահները Աջապահյանին տանեն Էջմիածնից:

11:57

Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարեց, որ Միքայել սրբազանի հետ գնալու է իրենց փաստաբանը, իսկ մյուսները այսօր վեհարանում քննարկում են անելու:

«Այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումները կանենք մեր հետագա գործողությունների համար։ Մենք բոլորս ամեն ջանք ենք ներդնելու, որ արդարությունը գործի», - ասաց Գարեգին Բ-ն:

11:50

«Ինչ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվելու։ Չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել: Եկել են իմ հետևից, ես կգնամ: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած»,- Մայր Աթոռում հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նա ասաց, որ հոգևորականները կհետևեն իրեն:

11:40

Իրավիճակը Մայր Աթոռում լարված է: Վեհարանի մոտ քաշքշուկ սկսվեց տեղում հավաքված հոգևորականների և ուժայինների միջև:

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին վեհարանում են:

11:27

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտել է, որ «Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու»:

«Բոլորս Մայր Աթոռում ենք: Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը», - գրել է նա:

Քիչ առաջ այստեղ են ժամանել ԱԱԾ աշխատակիցները:


11:17

Հոգևորականները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ արեցին դուրս չգալ Մայր Աթոռից։

«Թող գան, բոլորիս տանեն»,- ասացին նրանք։

11:05

Քննչական գործողությունների Շիրակի առաջնորդարանում ավարտվեցին, քննիչները առգրավված նյութերով հեռացան:

11:00

Փաստաբան Արա Զոհրաբյանը քիչ առաջ Մայր Աթոռում հավաքվածներին, այդ թվում՝ Շիրակի թեմի առաջնորդին ներկայացրեց նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները. «Ներկայացվում է ՔԿ քննիչի որոշում, որի համաձայն պետք է Միքայել սրբազանին ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով: Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ ոստիկանության վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա հունիսի 17-ին, առիթը նշված է 2024թ. փետրվարի 3-ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել սրբազանի խոսքերին»:

Նշենք, որ այստեղ է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը:

10:56

Միքայել սրբազանն այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է, որտեղ հավաքված են նաև բազմաթիվ հոգևորականներ:

10:47

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանը պնդեց, որ դատարանի որոշում կա՝ խուզարկություն ու քննչական գործողություններ իրականացնելու համար: Չնայած Արտաշես սարկավագ Աջապահյանը պնդեց, որ ներսում աշխատակիցներից և հոգևորականներից ոչ ոք չկա, բայց Արսեն Ոսկանյանը հակառակի մասին հայտնեց:

10:45

Փաստաբան Թամարա Յայլոյանն ահազանգում է, որ ԱԱԾ -ն, այսօր «խախտելով ՀՀ քրեական դատավարության կանոնները», իրեն թույլ չի տվել ներկա գտնվել Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը, չնայած նրան, որ ինքը տեղեկացրել է՝ սրբազանի պաշտպանն է:


10:20

Արտաշես սարկավագ Աջապահյանը ուղիղ եթերում պնդեց, որ Ոստիկանությունը Էջմիածին՝ վեհարան է գնացել Միքայել սրբազանի հետևից:


10:15

Ոստիկանությունը բերման ենթարկեց ներկաներից Մհեր Խաչատրյանին: Նրան հորդորում էին անցնել փողոցի մյուս մայթ, իրավիճակը լարվեց:

09:29


Իրավապահներն այս պահին Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացնում: Դուռը փակ է, դրսից ոստիկաններ են հսկում:

Միքայել սրբազանը, ինչպես «Ազատությանը» փոխանցեց քահանաներից մեկը, առաջնորդարանում չէ: Այստեղ ժամանած փաստաբան Թամարա Յայլոյանին, առաջնորդարանի աշխատակիցներին չթողեցին շենք մտնել:

Առաջնորդարանի մոտ նաև գյումրեցիներ են հավաքվել:

Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրեց՝ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջում անելու կոչի համար: Դատախազությունն այլ տեղեկություն չի տրամադրել, նաև չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հայտարարությունն են հիմք վերցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG