Երևանի ամբողջ կենտրոնն առավոտից՝ արդեն ավելի քան տասը ժամ ջուր չունի և չի էլ ունենա մինչև վաղը երեկոյան տասը:
Առանց ջրի են մնացել ոչ միայն հազարավոր բնակիչներ, այլև պետական կառույցները: Կառավարական երրորդ շենքում տեղակայված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տուն՝ հեռավար աշխատանքի էր ուղարկել աշխատողներին, տեղում թողնելով միայն ղեկավար կազմին:
«Ազատություն». - Ինչպե՞ս եք աշխատել այսօր:
Աշխատակից. - Մի կերպ:
«Ազատություն». - Առանց ջրի բայց հնարավո՞ր է աշխատել:
Աշխատակից. - Դե որոշակի պայմաններ ստեղծված են:
Մյուս կառույցները, այդ թվում՝ Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակիցները մնացել էին աշխատասենյակներում: «Դժվարությամբ, բայց սպասարկում ենք քաղաքացիներին»,- «Ազատությանը» փոխանցեց աշխատակիցներից մեկը: Նշեց, որ առաջին հարկի սանհանգույցում կաթիլ-կաթիլ ջուր է գալիս, փորձում են դրանով բավարարվել:
Ինչո՞ւ է «Վեոլիա ջուր»-ը ջրազրկել միանգամից երեք տասնյակ հասցե մայրաքաղաքի կենտրոնում: Ընկերության մամուլի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, նախ՝ ավելի վաղ իրազեկել են բնակչությանը, իսկ ջրանջատումը պլանային է. անջատել են կենտրոնը սպասարկող ջրամբարից մատակարարվող ջուրը, քանի որ վթարային իրավիճակ է ստեղծվել այդ ջրամբարից սնվող խողովակաշարում: Հարցին, թե ինչու մաս-մաս չեն ջրանջատել կենտրոնը, որ ջրի բացակայությունն այսչափ զգացնել չտա իրեն, «Վեոլիա ջրից» պատասխանեցին, որ այդ դեպքում նույն հասցեները ջրից կզրկվեն մի քանի օր, ինչն իրենց կարծիքով, ավելի շատ անհարմարություն կստեղծի բաժանորդների համար:
Սա, սակայն, մայրաքաղաքում ջրամատակարարման խափանման առաջին դեպքը չէ, բաժանորդները պարբերաբար են բողոքում
«Մեր առաջվա Գառնու ջուրը սարքել են զիբիլ», «Խմելու պիտիանի չի, անգամ բաքսին չի աշխատում», «Որակ չունի, խմելու չի, համ է գալիս», - «Ազատության» հետ զրույցում ասում էին քաղաքացիները:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին վերջերս հարցրել էին՝ «եթե պետությունը ազգայնացնում է Հայաստանի Էլեկտրական ցանցերը՝ պատճառաբանելով, թե սպասարկման որակը վատն է, ինչո՞ւ «Վեոլիա ջրին» նույն կերպ չի վերաբերում»: Պաշտոնյան պնդել էր, թե ջրամատակարարման հետ կապված բողոքները սեզոնային բնույթ են կրում, միաժամանակ ընդունել, որ դրանք ահագնանում են:
Փաստացի, այսօրվա վթարը տեղի է ունեցել ամառվա երեք ամիսների խափանումներից հետո: Կառավարությունում, սակայն, առայժմ միայն «Վեոլիա ջրի» դրական աշխատանքից են խոսում՝ պնդում, թե վերջին տարիներին ներդրումների արդյունքում ջրի կորուստները 80 տոկոսից նվազել, հասել են 55 տոկոսի:
ՀԷՑ-ում, մինչդեռ, հրապարակված վերջին՝ 2023-ի աուդիտի համաձայն, կորուստները գնահատվել էին 8 տոկոս: