Արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ բանակցված ու ամբողջությամբ համաձայնեցրած խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ Երևանի՞, թե՞ Բաքվի առաջարկն է:
Արտաքին գերատեսչությունից շատ կարճ միայն նշում են՝ «քննարկումների ընթացքում տեղի է ունենում գաղափարների փոխանակում, խաղաղության պայմանագրի ստորագրման գաղափարին վարչապետն անդրադարձել է ասուլիսին, ըստ անհրաժեշտության, կապահովվենք հավելյալ հաղորդակցություն»:
Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում հաստատեց՝ բանակցային սեղանին է համաձայնեցված փաստաթուղթը նախաստորագրելու գաղափարը:
Վարչապետը, սակայն, ասուլիսի ընթացքում այդպես էլ չբացատրեց՝ համաձայնեցված փաստաթուղթը ստորագրելու փոխարեն ինչո՞ւ են նախաստորագրելու հարցը քննարկում: Միայն ասաց՝ խաղաղության ճանապարհին առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չեն թողնելու: Նախաստորագրման մասին լուրերը սկսեցին շրջանառվել Աբու Դաբիում մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններին զուգահեռ, ընդ որում՝ տեղեկությունը տարածեցին ադրբեջանական աղբյուրները: Այդ հանդիպումից հետո, սակայն, որևէ կոնկրետ համաձայնության մասին չհայտարարվեց:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանն է նախաստորագրելու գաղափարի հեղինակը:
«Այդ թղթի կտորն անհրաժեշտ է ավելի շատ Նիկոլ Փաշինյանին, խնդրում եմ հստակ ֆիքսել, Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությանը: Որովհետև Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը կառուցված է այսպես կոչված խաղաղության գործընթացի վրա, ճիշտ այնպես, ինչպես պետք էր Չեմբեռլենին, ով գնաց, ստորագրեց Սուդետը գերմանացիներին հանձնելու խայտառակ փաստաթուղթը», - ասաց Խաչատրյանը:
Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չորս ամիս առաջ է համաձայնեցվել: Բայց Բաքուն ստորագրման համար երկու նախապայման ունի, պահանջում է Հայաստանից լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխել Սահմանադրությունը: Երևանը փաստաթղթի ստորագրմանը զուգահեռ Մինսկի խմբի լուծարմանը դեմ չէ, Սահմանադրությունն էլ կփոխվի, թեև սա հայ պաշտոնյաները ներկայացնում են որպես ներքին որոշում:
Բաքվի այս նախապայմանները եղել են Աբու Դաբիի բանակցությունների օրակարգում, բայց թե կողմերն ի՞նչ են որոշել, հայտնի չէ: Հնարավո՞ր է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը հենց այս նպատակով է քննարկվում, որ մինչ ստորագրումը Երևանը կատարի Բաքվի նախապայմանները:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանը հարցին «Ազատության» տաղավարում ուղիղ չպատասխանեց, բայց դարձյալ շեշտեց՝ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է:
«Թե էդ ընթացքում մինչև ստորագրություն ինչեր կարող են տեղի ունենալ, էլի փոխվստահության քայլեր կարող են տեղի ունենալ, և Հայաստանն էլ կարող է գաղափարներ ունենալ, թե ինքը ինչ կակնկալեր այդ փոխվստահության մթնոլորտը կառուցելու տրամաբանության մեջ», - ասաց Կարապետյանը:
Իշխանական պատգամավորը պնդեց՝ տեղյակ չէ, թե նախաստորագրման գաղափարը որ կողմինն է, բայց ասաց՝ եթե Երևանի նախաձեռնությունը լիներ, ինքը կաջակցեր: Մանրամասնեց՝ դա կլինի միջանկյալ մի քայլ համաձայնագրի ամբողջական ստորագրումից առաջ: Նոր տե՞քստ է լինելու, թե՞ եղածին այլ բովանդակություն են ավելացնելու, վարչապետի կուսակիցը դժվարացավ ասել:
«Միջանկյալ քայլ է, գուցե ավելի շատ հրապարակային ժեստ է երկու կողմերի՝ ոչ այնքան ներքին իրավակարգով երկու երկրների սահմանված գործընթաց, որ կառավարություններն այսպիսի նախաստորագրման ֆունկցիա ունեն, չգիտեն այս հատվածը: Եթե նույնիսկ դա հրապարակային ժեստ է տեքստի նկատմամբ, ապա էլի կարևոր է դա անել», - նշեց Մարիա Կարապետյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ 2026-ի ընտրություններին պատրաստվելուն են միտված:
«Իրեն պետք է ինչ-որ մի հաջողություն, մի բան ցույց տա, ներկայացնի դա որպես հաջողություն, որովհետև տնտեսական վիճակը տեսնում եք ինչ է, դանդաղում է, սահմանազատման գործընթացի «արդյունքում» Հայաստանի իրավազորության ներքո գտնվող տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, իսկ ադրբեջանցիները «վայելում են» Ջերմուկում իրենց հանգիստը: Որևէ հարց ինքը չի կարողացել լուծի: Իրեն պետք է թղթի կտորը, որ ասի՝ ես գնում եմ խաղաղության, մի քիչ էլ ու կհասնեմ խաղաղության, իմ օգտին քվեարկեք», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հայաստան-Ադրբեջան գործընթացին մասին խոսելիս վարչապետն ասում էր՝ աշխարհը դինամիկ է, պետք է ճկուն լինել, որպեսզի հետո չպարզվի նայել և չեն տեսել եղած հնարավորությունները: