Մատչելիության հղումներ

Վարչապետ. Կա խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու գաղափար


Կա խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու գաղափար, տեղի է ունեցել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախագծի տեքստի համաձայնություն և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սկսել ենք խորհրդակցությունները՝ ինչպես գնալ առաջ, և նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա, օրակարգում, դա մենյուի մեջ առկա քննարկվող տարբերակներից մեկն է, ինչը որոշակի պայմաններում կարող է լինել իրատեսական, որոշակի պայմաններում՝ ոչ այդքան իրատեսական», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը չհստակեցրեց, թե որ կողմի գաղափարն է նախաստորագրելը, և ինչու միանգամից չստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե այն համաձայնեցված է:

Ի՞նչ է ենթադրում Սյունիքի ճանապարհի արտապատվիրակումը. հենց այս տերմինն է վերջին շրջանում կիրառվում՝ Հայաստանով դեպի ադրբեջանական Նախիջևան ճանապարհի մասին: Վարչապետ Փաշինյանն այսօրվա ասուլիսում այս մասին խոսելիս բերեց «Զվարթնոց» օդանավակայանի, Հարավկովկասյան երկաթուղու, ջրային համակարգի, Հայփոստի օրինակները:

«Ե՛վ երկաթուղին, և՛ օդանավակայանը, և՛ ջրային համակարգը շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը: Օրինակ, քննարկվում է որևէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, որովհետև կարող եք պատկերացնել, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ինչ ահռելի ներդրումային պոտեցիալ ունի: Մենք շատ խոսում ենք երկաթուղու, ավտոճանապարհների մասին, բայց այս համատեքստում խոսք է գնում նաև խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, հեռահաղորդակցության մալուխների մասին, և դա մի տնտեսություն է, որ պետք է կառավարվի, ու ստեղծվի: Եվ մեր տրամաբանությամբ պետք է և կարող է լինել Հայաստանի սեփականությունը, խոսքը էստեղ այդ տնտեսությունը կառավարելու և դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է», - հայտարարեց վարչապետը:

Անդրադառնալով ճանապարհի վարձակալությանը, որի մասին օրերս խոսել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, Փաշինյանն ասաց. - «Մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք, և այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները որոշակի պայմաններում այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են ՀՀ սեփականությունը»:

Վարչապետն ասաց՝ քննարկվում են և քննարկվել են ամենատարբեր գաղափարներ, բայց վերջնական պայմանավորվածություն չկա. - «Եթե լիներ մի պայմանավորվածություն, եթե ձեռք բերված լիներ կամ ստորագրված լիներ, ես բնականաբար այդ մասին կարող էի ասել: Ես ներկայացրեցի քննարկումների շառավիղը»:

Փաշինյանը դարձյալ շեշտեց՝ Հայաստանը շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով:

«Մենք բոլոր այդ գործնընթացները պատկերացրել ու պատկերացնում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում», - ասաց Հայաստանի վարչապետը:

«Մենք տարբեր առաջարկներ ստացել ենք և ստանում ենք»

«Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգներին, տեսեք, մենք առաջարկներ ստանում ենք, մենք տարբեր առաջարկներ ստացել ենք և ստանում ենք, և այդ առաջարկների մասին, բոլոր առաջարկների մասին դուք ուղիղ կամ անուղղակի այսպես թե այնպես իմանում եք։ Տեսեք, դուք ասեցիք, որ եթե Հայաստանը հրաժարվի ճանապարհից, Հայաստանը չի հրաժարվելու ճանապարհից, որովհետև ասացի, որ մեր օրակարգն է դա, սա մեր օրակարգն է, մենք ենք առաջարկել աշխարհին, ասել ենք՝ մենք ուզում ենք սա», - նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ «մենք բոլոր առաջարկները քննարկում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հիմքի վրա»։

«Մենք չենք քննարկում, hասկանու՞մ եք, եթե մենք քննարկելիս լինեինք դա, ընդ որում, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամեն օր գործնականում այդ բանը ասվում է։ Եթե մենք այդ ձեր ասած տրամաբանության մեջ լինեինք, հենա վաղուց այդ ձեր ասածներն արդեն տեղի ունեցած կլինեին, կամ այդ ամեն ինչը առաջարկված կլիներ, ձևակերպված կլիներ։ Մենք ուրիշ համատեքստում հասկանում ենք, կարող են հնչել անծանոթ բառեր՝ արտապատվիրակում, լիզինգ, կառուցապատման իրավունք, չգիտեմ, վարձակալություն, էլ ինչ կարող է հնչի, ներդրում, ճանապարհ։ Հա, իմիջիայլոց մի հատ շատ կարևոր բան կա, որը մի քիչ նուրբ հարց է։ Հիմա, օրինակ, ձեզ հայտնի հանգամանքների բերումով միջանցք բառը մենք Հայաստանյան քաղաքական խոսույթում ինքը որոշակի իմաստներ, որը մեզ համար մեղմ ասած ալերգիկ է, բոլորիս համար։ Ասենք Հայաստանի Հանրապետության Հյուսիս-Հարավ ճանապարհը գիտե՞ք ոնց է կոչվում, պաշտոնական անունը՝ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային» միջանցք։ Դա Հայաստանի պաշտոնական փաստաթղթերի մեջ գրվում է՝ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ընդգծելով՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո «մեզ համար միջանցք բառը ստացել է որոշակի ալերգիկ կոնտեքստներ», վարչապետ Փաշինյանն ասաց. - «Շատ դեպքերում միջազգային մեր գործընկերները, երբ որ իրենք ասում են միջանցք, մենք այսպես մի քիչ վեր ենք թռնում, իրենք էլ իրենց հերթին են վեր թռնում, ասում են՝ բայց ի՞նչ ասեցինք։ Ընդհակառակը, ամբողջ աշխարհը բոլոր տեղերում փնտրում է միջանցք և այլն, և այլն։ Հիմա ամեն անգամ խնդիր առաջանում է, երբ որ ասեցին միջանցք, իրենք ո՞ր միջանցքը նկատի ունեն, այն միջանցքը նկատի ունեն, այն միջանցքը, թե՞ այն միջանցքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG