Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է կրակոցների մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հիշեցնում է Բաքվին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Երևանը վերահաստատում է՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։
Շաբաթներ շարունակ Բաքուն Երևանին մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար, այս նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են չդադարող կրակոցների մասին։