Մատչելիության հղումներ

Երևանը չի բացառում էսկալացիաների վտանգը, քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ


ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան, արխիվ
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան, արխիվ

Ռազմական էսկալացիաների վտանգ միշտ լինելու է, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, հայտարարում է Հայաստանի փոխարտգործնախարարը։ Արդյոք խաղաղության համաձայնագրի կնքումը կբացառի պատերազմի հնարավորությունը, Վահան Կոստանյանը դրական պատասխան չի տալիս. - «Դա հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»:

Որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և հայկական տարածքների դեմ, երեկ Վարշավայում արտգործնախարար Միրզոյանն էր հայտարարում՝ ընդգծելով, թե հայկական կողմն այդ առումով լուրջ մտահոգություններ ունի:

Փոխարտգործնախարար Կոստանյանն այսօր չպարզաբանեց՝ ո՞րն է լինելու հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Ադբեջանի գլխավոր նպատակը: Հնարավո՞ր է ճանապարհների ապաշրջափակման հարցում կողմերի տարաձայնությունները Բաքուն դարձնի պատրվակ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի:

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը հարցն այսօր անպատասխան թողեց, փոխարենն առաջարկեց մինչ խաղաղության պայմանագրի կնքումը չմոռանալ պատերազմի ռիսկերի մասին:

«Պատերազմի կամ ռազմական գործողությունների վտանգի մասին խոսքին եթե անդրադառնանք, ապա այդ վտանգի վերացման մասին որևէ մեկը չի հայտարարել, որ այլևս վտանգներ չկան, բոլոր ռիսկերը վերացված են», - հայտարարեց խորհրդարանի իշխանական խմբակցության քարտուղարը:

Եթե այսօր խաղաղության պայմանագրի ստորագրումն է ՔՊ-ականը համարում պատերազմից խուսափելու կամ դրա հավանականությունը նվազեցնելու միջոց, ապա երկու շաբաթ առաջ, նույն՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամին Տավուշի հատվածական սահմանազատման մասին խոսելիս Արթուր Հովհաննիսյանն ասում էր. - «Սահմանները վերջնականապես գծելով՝ մենք վերջին ռիսկը Հայաստանի Հանրապետության վրա հարձակման՝ լեգիտիմ հարձակման, վերացրել ենք»:


Անկախ նրանից, որ հայկական կողմը չի հավատում Բաքվի խաղաղության ծրագրերին, պաշտոնական Երևանը, ինչպես փոխարտգործնախարարը ձևակերպեց, «շարունակելու է դրականորեն ներգրավված մնալ խաղաղության հաստատման գործընթացում»: Նույնը երեկ խորհրդարանի ամբիոնից վարչապետն էր ասել:

«Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, մենք կարծում ենք, որ դա առնվազն բավարար է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և մնացյալ հարցերի քննարկումը շարունակելու համար», - այսօր ասաց Վահան Կոստանյանը:

Վարչապետ Փաշինյանի փոխանցմամբ՝ խաղաղության պայմանագիրն ունի 17 կետ, որից 13-ը ամբողջությամբ, 3-ը՝ մասնակի համաձայնեցված են: Հայաստանի բանակցողները հենց այս տեսքով էլ պատրաստ են փաստաթղթի ստորագրմանը, Բաքուն, սակայն, կտրուկ մերժում է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG