Երևանը Բաքվին հայտնել է, որ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին, տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով. - «Հնարավոր է, Հայաստանը ստանձնելով TRIPP-ի մասով պարտավորությունները, նաև հաշվի է առել երկաթուղու մասը»:
Ջեյհուն Բայրամովը նկատել է, որ երկաթուղու կառավարման պայմանագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է մինչև 2038 թվականը, բայց, ըստ նրա, հայկական կողմը Բաքվին բացատրել է իր դիրքորոշումը, ըստ այդմ՝ Սյունիքում կառուցվելիք երկաթուղու հատվածը Ռուսաստանին չի վերաբերում, քանի որ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին այդ երկաթուղին պարզապես գոյություն չուներ: «Հետևաբար հնարավոր չէ պայմանագրում ներառել այն, ինչ պարզապես չկա», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Բայրամովի այս հայտարարությունից ընդամենը հինգ օր առաջ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման բաց հատվածում առանց հստակությունների հայտարարել էր, թե «Թրամփի ուղու» նախագծում բազմաթիվ նյուանսներ կան, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին:
«Մենք նաև ներկայումս շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ TRIPP երկաթուղու իրականացման և կառուցման վերաբերյալ, և դրանք իսկապես ներկայացնում են նշանակալի և իմաստալից փոփոխություններ մեր տարածաշրջանում։ Եվ այստեղ կան բազմաթիվ նրբերանգներ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերություններին առնչվող, և այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի նախագահն իր հերթին ասել էր, թե հայկական կողմի բարձրացրած հարցերի շուրջ համատեղ կաշխատեն: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան պնդել էր, թե առանց Մոսկվայի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին», քանի որ Հայաստանում գործող երկաթուղին ռուսական ընկերությունն է կառավարում:
Խաղաղության համաձայանագրի կնքման համար Բաքուն ևս մեկ պայման է ավելացրել
Մոտ երեք ժամ տևած ասուլիսում Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին՝ պնդելով ստորագրման նախապայմանը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, որում, չնայած հակառակի մասին Երևանի պարբերական հավաստիացումներին՝ Բաքուն տարածքային պահանջ է տեսնում: Ադրբեջանի գլխավոր դիվանագետը այս մի պայմանին այսօր ավելացրել է ևս մեկը՝ TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը։
Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող «Թրամփի ուղու» շինարարությունը գործնականում կմեկնարկի 2026-ի երկրորդ կեսին: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ իրենց տարածքում շինաշխատանքները կավարտվեն գարնանը:
Բայրամով. Այլ ոլորտներում առևտուր ևս հնարավոր է
Բայրամովի ասուլիսի գերակշիռ մասն, ընդհանուր առմամբ, հայ - ադրբեջանական հարաբերությունների մասին էր: Արտգործնախարարը բարի կամքի դրսևորում է համարել Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծվող բեռների համար տարանցման արգելքի վերացումը: Անդրադարձել նաև Հայաստանին ադրբեջանական բենզինի վաճառքին՝ հավելելով, թե այլ ոլորտներում առևտուր ևս հնարավոր է:
Ընդ որում, Բայրամովի պնդմամբ, Բաքուն Թբիլիսիի հետ կարողացել է լուծել տարանցման բարձր սակագնի խնդիրը:
«Հայաստանից ստացվել է նավթամթերքի վաճառքի վերաբերյալ հարցում, և բարձրացվել է Վրաստանի տարածքով տեղափոխման հարցը: Վրաստանի կողմից կիրառվող սակագինն, իսկապես շատ բարձր էր: Սա հարցեր առաջացրեց Ադրբեջանում: Վրաստանի ղեկավարությունը անհապաղ միջամտեց, և խնդիրը լուծվեց։ Սակագինը համաձայնեցվեց ընկերությունների միջև՝ լիովին համապատասխանելով շուկայական պայմաններին։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները բարեկամական են: Կարծում եմ՝ այս հարցը լուծվել է, և այդ ուղին կրկին կօգտագործվի», - ասել է Բայրամովը:
Թբիլիսին ադրբեջանական բենզինի տարանցման համար առաջին անգամ գումար չէր գանձել հայկական կողմից: Առայժմ հայտնի չէ, թե որքան կկազմի գինը, եթե հայկական ընկերությունները դարձյալ բենզին ներմուծեն Ադրբեջանից:
Բայրամովը՝ սահմանազատման աշխատանքների մասին
Մյուս հարցը, որին անդրադարձել է Բայրամովը հայ - ադրբեջանական սահմանազատումն է, որի գործնական աշխատանքները կանգ են առել անցած տարի Տավուշի հատվածում մոտ 12 կմ սահմանազատելուց հետո: Բայրամովը վստահեցրել է, թե գործընթացը շարունակվում է:
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով. - «Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովներն ինտենսիվ աշխատում են: Սահմանազատման գործընթացը, չնայած քաղաքական է, ներառում է բազմաթիվ տեխնիկական մանրամասներ: Համաձայնություններ են ձեռք բերվել ընդհանուր մոտեցման վերաբերյալ. գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ»:
Ադրբեջանական Գաբալայում սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել էին հաջորդն անցկացնել Հայաստանում:
Ադրբեջանի արտգործնախարարը նաև չի բացառել իր այցը Հայաստան, ինչպես նշել է՝ եթե դա է պահանջում Ադրբեջանի ազգային շահը, բայց երբ և ինչ միջոցառման շրջանակում, չի հստակեցրել: Միաժամանակ Ջեյհուն Բայրամովն, ըստ էության, բացառել է, որ Ալիևը մասնակցի Երևանում այս գարնանը անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: