Մատչելիության հղումներ

Հնարավոր է արտահերթ սահմանազատում TRIPP-ի համար. Թրամփի ուղու շինարարությունը «կսկսվի 2026-ի երկրորդ կեսին»


Մեղրիի չգործող երկաթուղային կայարանը, արխիվ
Մեղրիի չգործող երկաթուղային կայարանը, արխիվ

«Հնարավոր է, որ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ լինեն` կապված TRIPP նախագծի հետ», - այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ի դեպ, Գրիգորյանի խոսքով, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը սահմանազատման գործընթացը շարունակելու երկկողմ շահագրգռվածություն առաջացրեց:

«Օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա գործընթացը շարունակելու սահմանազատման, և դա, ըստ էության, քննարկվում է: Բացի դա, նաև, իհարկե, ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան, և դիրքից կախված՝ որ հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի աշխատանքները, նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք: Հնարավոր է, որ ինքը արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք», - հայտարարեց սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետը:

Գրիգորյանը նշեց, որ այս պահին էլ կառուցողական քննարկումներ կան ադրբեջանցի գործընկերոջ հետ, քննարկումները վերաբերում են ընդհանրապես գործընթացի շարունակությանը, և որոշ ժամանակ անց պարզ կդառնա, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը: Փոխվարչապետը հիշեցրեց՝ ադրբեջանական կողմի հետ վերջին հանդիպումն էլ կապված էր հենց TRIPP նախագծի հետ: Այդ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի սկզբին, Մուստաֆաևն ու Գրիգորյանը այցելել էին Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասեր:

«Մենք այցելեցինք միասին հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի, որը ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ», - ասաց փոխվարչապետը:

«Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երթուղով». Փաշինյանը ներկայացրեց «Թրամփի ուղու» ճանապարհային քարտեզը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր, իր հերթին, առաջին անգամ ներկայացրեց «Թրամփի ուղու» ճանապարհային քարտեզը, թեև, ինչպես ինքը խոստովանեց, չէր ուզում այդ մասին խոսել՝ հաշվի առնելով, որ սովորաբար ժամանակացույցից շեղումներ լինում են: Ամեն դեպքում, Փաշինյանը տեղեկացրեց, որ մինչև տարվա վերջ պետք է թղթի վրա նկարագրեն բոլոր մանրամասները, իսկ արդեն հաջորդ տարի կսկսվի բուն շինարարությունը:

«2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետք է սկսեն շինարարական աշխատանքները: Էս է պլանը, բայց ես սրա մասին չէի ուզում ասեի, էսօր էլ չէի ուզում ասեի, ինչի՝ որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ սենց պլանները միշտ ժամկետի մեջ շեղում են ունենում: Չնայած մենք դեռ պլանի մեջ ենք, բայց, տեսեք, ըստ էության, լրատվությունը մենք տեսնում ենք, որ նախագահ Թրամփի թիմի նույն շրջանակն է աշխատում Մերձավոր Արևելքի թեմայի հետ կապված, մի քանի շատ կարևոր, առանցքային թեմաների հետ կապված, և էդ մարդիկ նաև օբյեկտիվ հանգամանքների բերումով ծանրաբեռնվում են ուրիշ թեմաներով: Մենք ամեն ինչ կանենք, որ էս ժամանակացույցը հստակ աշխատի», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը նաև մանրամասներ ներկայացրեց TRIPP-ով երկաթուղու և ճանապարհների գործարկման մասով: Ըստ նրա՝ կվերագործարկվի արդեն իսկ գոյություն ունեցող երկաթուղին, ճանապարհների մասով էլ լուծումներ ունեն:

«Ես կարող եմ հստակ ասել, թե երկաթուղին որտեղով է անցնելու. երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով, որովհետև ուրիշ տեղով երկաթուղի կառուցելը իրատեսական չէ:
Ես կարող եմ ասել, որ, օրինակ, գազամուղը անցնելու է դրանից էականորեն հյուսիս, էլեկտրական գծերը անցնելու են էականորեն հյուսիս», - հայտարարեց վարչապետը՝ շարունակելով. - «Ընդ որում՝ ես չեմ կարող ասել, որովհետև ուսումնասիրությունները տեղում մենք արդեն սկսել ենք, չեմ կարող ասել նույնիսկ՝ որոնք Սյունիքի մարզի հատվածում կմնան, որոնք Վայոց ձորի մարզի հատվածում, որովհետև դա, հասկանո՞ւմ եք, բազմաթիվ գործոններից է կախված: Այսինքն՝ քարտեզի վրա ամեն ինչ հարթ է, թվում է, թե որտեղ ուզենաս՝ գիծը կքաշես, բայց, այնուամենայնիվ, տեղանքը, բնությունը ուրիշ բան է»:

«Ավտոճանապարհների հետ կապված, գիտեք՝ Հյուսիս-հարավը կառուցվում է, և մեծ հավանականությամբ մենք արևելք-արևմուտք ուղղությամբ ճանապարհները կինտեգրենք Հյուսիս-հարավի ճանապարհներին, և այլն, և էդպես շարունակ», - նշեց Փաշինյանը:

«Հստակ չգիտենք՝ նավթամուղի հետ կապված ինչ կարող ենք ասել, կապված է նավթի միջազգային գներից նաև», - ասաց վարչապետը:

Խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը վստահեցրեց՝ TRIPP նախագիծը իրականացվելու է և շատ արագ տեմպերով, ու այն պայմաններով, ինչպես որ արձանագրված է Վաշինգտոնի հռչակագրում:

«Անիմաստ է հարցեր տալը». ընդդիմությունը կրկին բոյկոտում է Փաշինյանի մասնակցությամբ հարցուպատասխանը

Մինչ իշխանությունն ազդարարում էր հաջորդ տարվա երկրորդ կեսին TRIPP նախագծի շինարարական աշխատանքների մեկնարկի և այդ ուղղությամբ հնարավոր արտահերթ սահմանազատվելիք հատվածների մասին, խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում էր Փաշինյանի մասնակցությամբ ընթացող հարցուպատասխանը: Վարչապետին հարց տալու համար գրանցվել էր ընդամենը 14 իշխանական պատգամավոր:

«Ազատության» հարցին, թե ո՞րն է բոյկոտի պատճառը, խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն արձագանքեց, թե չեն բոյկոտել, պարզապես չեն ուզում մասնակցել՝ հաշվի առնելով Փաշինյանի մանիպուլյացիոն պատասխանները:

«Անիմաստ է հարցեր տալը, որովհետև ինքը բոլոր հարցերի շուրջը մանիպուլացնում և շեղվում է հարցերի հիմնական պատասխաններից: Եվ այնպես է ստացվում տրված հարցերի ընթացքում, որ այս երկրում որևիցե մի պրոբլեմ չկա, ամեն ինչ հոյակապ է, ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ շատ փայլուն է: Երբևիցե մենք չենք տեսնում ինքնաքննադատական, ռեալ իրավիճակի գնահատական, խոսք», - ասաց Օհանյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր նաև Կառավարության հետ նախորդ հարցուպատասխանը, ինչին ի պատասխան՝ վարչապետը հետաքրքրվել էր, թե ո՞ւր են իրենց «գանձերը»: Այս անգամ Փաշինյանն ընդդիմության բոյկոտին որևէ կերպ չանդրադարձավ, միայն իրեն սուր քննադատության ենթարկած նախկին նախագահներին կրկին հրավիրեց բանավեճի:

«Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կոնսպիրացիաների, բանի մասին են խոսում: Լսեք, էկեք, էկեք ասեք, էկեք դիմացս կանգնեք ասեք, տեսեք ինչ կլինի», - հայտարարեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG