Մատչելիության հղումներ

Երևանում մե՛կ հոսանք չկա, մե՛կ՝ ջուր. տնտեսվարողները վնասներ ունեն


Երևանում մե՛կ հոսանք չկա, մե՛կ ջուր չկա։

Հոսանքի, ջրի անջատումների այս ռեժիմն արցախցի տղամարդուն բլոկադայի օրերն է հիշեցնում։ Խմորեղենի մի փոքրիկ խանութ ունի, հոսանք չկար, աշխատակիցը նկարել է, թե փքված թխվածքները ինչպես հալից ընկան։

«Միացրին, անջատին, միացրին, անջատին, սաղ զիբիլի յաշիկը գնաց… կարկուտը ծեծած տեղն է ծեծում», - ասում է նա։

Հայաստան էլեկտրական ցանցեր ընկերությունից սփոփում են՝ նախնական կանխատեսում ունեն, որ մինչև օգոստոսի 10 կվերացնեն Երևանի ՀԷԿ- ում տեղի ունեցած հրդեհի հետևանքները։ Հրդեհ այդ ՀԷԿ-ում 12 օր առաջ էր բռնկվել, այդտեղից են սնուցվում Կենտրոն վարչական շրջանի 30 ու Արաբկիրի 20 տոկոսը։

Մինչև հրդեհն էլ անջատումներն անպակաս էին, ասում է կենտրոնի 18 տարվա բնակիչ Արմինե Մարտիրոսյանը. - «18 թվից նոր սկսվել են այդ անջատումները, որովհետև հիմնականում չեն անջատել։ Եթե անջատել են, 5-10 րոպե։ Բայց այս վերջին շաբաթը օր է եղել՝ մենք ամբողջ օրը լույս չենք ունեցել»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական ու դիմումների քննարկման վարչության պետն ասում է՝ իրենց ուղղված բողոքների թիվն էլ է ավելացել, իհարկե, միայն ջրի կամ հոսանքի անջատման ահազանգեր չեն, նաև հոսանքի տատանումների, ջրի որակի և այլ հարցեր։ Ինչ վերաբերում է օրինակ՝ հոսանքի անջատմանը, ըստ Հայկ Ղոսալմյանի՝ ընկերությունը տույժ վճարելու պարտավորություն ունի, բայց եթեներ կան։

«Եթե վթարային ընդհատում է տեղի ունեցել, և ընկերությունը քաղաքային համայնքներում պարտավոր է վերականգնել՝ ըստ մեր կանոնների 4 ժամվա ընթացքում, իսկ գյուղական համայնքներում՝ 8 ժամվա ընթացքում։ Եթե նշված ժամաքանակները գերազանցում է, ապա ընկերությունը պետք է սպառողներին վճարի տույժ միջին ամսական ծախսված էլեկտրաէներգիայի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամ», - նշեց նա։

Անցած տարի Էլցանցերը շուրջ 120 միլիոն դրամ է վճարել իր բաժանորդներին՝ որպես տույժ, հիմա, սակայն, ոչ մեկին թեկուզ 2500 դրամ չի վճարի, որովհետև քաղաքը հոսանքազրկվել է հրդեհի պատճառով, ֆորսմաժոր է համարվում։

«Եթե ֆորսմաժորի հետևանք է, ապա չէ, ընկերությունը տվյալ պատասխանությունից արդեն ազատվում է», - ասաց նա։

Սրճարանների ցանցի հիմնադիր Արթուր Գևորգյանը գիտի, որ կգտնվեն բացատրություններ իր վնասը չփոխհատուցելու համար, բողոքի դիմումներով ոչ մի կառույցի չի անհանգստացնի։
Նրա 3 սրճարանները տարբեր օրերի մինչև 6 ժամով հոսանքազրկվել են, այսինքն՝ չեն աշխատել, չգործելու վնասից բացի, մթերքն է փչացել։

Ֆորսմաժորից դուրս, էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը նաև քաղաքի ակտիվ կառուցապատումն է՝ անընդհատ մի-մի տեղ մի մալուխ է վնասվում, բացատրում է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ներկայացուցիչը։ Իսկ ջրանջատումների առատ հայտարարությունները մաշված համակարգի պատճառով են։ «Վեոլիա ջուրը» խոշոր ներդրումների պատասխանատու չէ, պետության գործն է։ Հայկ Ղոսալմյանը, այնուամենայնիվ, չի կարծում, որ ծառայություն մատուցող ընկերությունների հետ հարաբերություններում սպառողի շահը անտեսվում է։


Ի դեպ, ջրանջատման դեպքում էլ տույժ կա սահմանված՝ եթե ամռան շոգին 36 ժամից ավելի ջուր չունեք, 2 հազար դրամ կստանաք, մեկ օր ջուր չունեք՝ մեկ շշի փող էլ չեք ստանա։

Այսօր օրինակ՝ «Վեոլիա ջուրը» ջրանջատում է արել Շենգավիթ, Աջափնյակ, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի համայնքների մի շարք փողոցներում։ Վաղը պլանային ու վթարային անջատումների ընդարձակ գրաֆիկ ունի էլցանցը։ Սպառողներից շնորհակալ են ըմբռնման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG