Մատչելիության հղումներ

Երևանում աղբահանության վճարը 2025-ից կթանկանա


Երևանի ավագանու նիստ, 24-ը դեկտեմբերի, 2024թ.
Երևանի ավագանու նիստ, 24-ը դեկտեմբերի, 2024թ.

Աղբահանության վճարը 2025-ից կթանկանա: Եթե մինչև հիմա աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ շնչի, ապա 2025-ից այն կհաշվարկվի՝ ըստ մակերեսի, 1 քառ/մ-ի դիմաց՝ 13 դրամ:

Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը, հղում անելով վիճակագրական կոմիտեի 2023-ի տվյալներն, ասաց՝ Երևանում 251 հազար 635 բնակարան կա, որից 52 հազար 641-ը մեկ սենյականոց են, 85 հազար 73-ը՝ երկու, 91 հազար 829-ը՝ 3, և 22 հազար 92-ը՝ 4 ու ավելի։

«Միջինում 1 սենյականոց 35 քառ/մ մակերեսով բնակարաններում 1-3 մարդ է ապրում, իսկ ավելի հաճախ 2 անձով բնակվելու փաստն է»,- ասաց Հակոբյանը: Ըստ նրա՝ եթե հիմա 2 անձի համար վճարվում էր 400 դրամ, ապա 2025-ին այդ գումարը 50 դրամով կավելանա, 2 սենյականոցի պարագայում՝ 600-ի փոխարեն 689, 3 սենյականոցը 900-ի փոխարեն կվճարի 975, իսկ 4 և ավելի սենյակները 1200-ի փոխարեն 1287 դրամ կվճարեն:

«Սա միևնույնն է՝ թանկացում է, մարդն է գեներացնում աղբը, ոչ թե քառակուսի մետրը, ինչո՞ւ եք որոշել քառ/մ-ով հաշվել»,- հարցրեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը:

Օրինակ՝ եթե 70 քմ մակերեսով բնակարանում ապրում է 1 մարդ ու աղբահանության համար ամսական վճարում էր 200 դրամ, ապա 2025-ից կվճարի ըստ մակերեսի՝ 910 դրամ ( 70x13):

«Մակերեսով հաշվարկման սկզբունքը նորություն չէ, քանի որ այս պահին էլ գործող դրույքաչափերով հասարակական և արտադրական շինությունների համար աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ մակերեսի»,– նշեց Հակոբյանը։

Աղբահանության վճարը կփոխվի նաև առանձնատների համար:

Դավիթ Հակոբյանը շեշտեց՝ դրանց մակերեսները փոքր-ինչ ավելի մեծ են, և բնակվող անձանց քանակն ավելին է, հետևաբար աճը ևս ավելին է. - «Մեկ բնակարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, անհատական տների մասով՝ 180 դրամ։ Սակայն, եթե օրինակ՝ 50 քառ/մ տանը ապրում էր 5 անձ, և իրենք վճարում էին 1000 դրամ, հետայսու կվճարեն 650 դրամ, և հակառակը՝ այն բնակարաններում, որտեղ ավելի քիչ անձ է բնակվում, բայց ավելի մեծ բնակմակերես են զբաղեցնում, կվճարեն մի փոքր ավելի շատ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG