Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Հայաստանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը․ Հաջիև


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանն ու Հայաստանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը, ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով՝ այս պահին Բաքվի օրակարգի հիմնական թեման մինչև նոյեմբերի 24-ն ընթացող COP-29-ն է։

«Անշուշտ, դեկտեմբերից սկսած Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումների ու բանակցությունների շարունակման վերաբերյալ», - ասել է Հաջիևը։

Ընդգծելով, որ փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր դեռ կան՝ Հաջիևը տեղեկացրել է, որ փորձագիտական մակարդակով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են։

«Քանի որ հայկական կողմը ժամանակին չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստի մեր առաջարկին, այս համատեքստում մենք ուշացած ենք համարում գործընթացը, հետևաբար հավանաբար դեկտեմբերից նոր գործընթաց կսկսվի», - եզրափակել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ առանց հավելյալ պարզաբանումների։

Երևանը նոյեմբերի 5-ին է ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ նրա, այն պատրաստ կլինի ստորագրման։ 11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված: Բաքվից էլ նշել են, որ դրանցից երկուսը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Երևանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դրանց իսկությունը։ Հայաստանի իշխանությունից վստահեցնում են՝ բանակցություններում դրական զարգացումներ կան, և ավելի քան երկու տարվա քննարկումներից հետո պայմանագիր կնքելու հնարավորություն են տեսնում:

Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչ այս տարեվերջ կախված է Հայաստանից՝ նշելով պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեցված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG