Մատչելիության հղումներ

Երևանի տրանսպորտի բարեփոխումները կավարտվեն 3-5 տարի հետո. Ավինյան


Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումն ավարտին կհասցնեն միայն 3-ից 5 տարի հետո, տարեվերջյան ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Երևանին անհրաժեշտ ավտոբուսներ չեն գնի նաև 2026-ին, հաջորդ տարի պետք է սպասել միայն 45 նոր տրոլեյբուսներին, որոնք անհրաժեշտ շարժակազմի միայն մի փոքր մասն են:

«Մենք միջնաժամկետում ձեր ասած, 3-ից 5 տարի հետո ունենալու ենք վերջնականացված հանրային տրանսպորտի բարեփոխում, ունենալու ենք ամբողջական շարժակազմ», - ասաց Ավինյանը:

45 նոր տրոլեյբուսները Երևանում կլինեն հաջորդ տարվա առաջին կեսին, դրանք կփոխարինեն այժմ երթուղիներ սպասարկող հին շարժակազմը: Տրոլեյբուսների այս խմբաքանակը ոչ թե հատուկ հենց այդ նպատակով հատկացված միջոցներից գնեցին, այլ՝ ի սկզբանե մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման համար առանձնացված բյուջեից:

«Մեզ դեռևս հարկավոր է, բացի էս 45 տրոլեյբուսից, եթե չեմ սխալվում, մինչև 30 տրոլեյբուսներ 12-մետրանոց, և մեզ դեռևս պետք է լինելու մեծ ծավալով՝ 249 հատ 18-մետրանոց ավտոբուսներ», - նշեց քաղաքապետը:

Տարբեր միջոցառումների համար միլիոնավոր դոլարներ ծախսող քաղաքապետարանը առաջիկայում ավտոբուսային պարկը համալրել չի պատրաստվում, երևանցիները դեռ առնվազն մի քանի տարի գուցե ստիպված լինեն օրվա պիկ ժամերին հաղթահարել դժվարություններն ու տրանսպորտում գոնե մեկ ոտքի տեղ գտնել:

Ամանորյա միջոցառումից՝ գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից հետո մեծ թվով քաղաքացիներ պարզապես դրսում էին մնացել, ավտոբուսներում մեկ ոտքի տեղ գտնելու խնդիրն այդ օրը չլուծվեց: Իսկ բուն միջոցառման համար ծախսված միլիոններով կարելի էր առնվազն մի քանի նոր ավտոբուս գնել: Այս քննադատությունը, այդուհանդերձ, քաղաքային իշխանությունները երբեք չեն ընդունում:

Նոր շարժակազմի ձեռքբերումը, սակայն, անհրաժեշտ փոփոխությունների մի մասն է: Քաղաքապետը թվարկում էր նաև այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները. ավտոբուսային գծեր են առանձնացվել, տասնյակ կանգառներում տեղադրված մոնիտորներով հնարավոր է տեսնել, թե երբ կհասնի ավտոբուսը: Այս բարեփոխումը առայժմ փոքր թվով կանգառներ է հասել:

«Իրականում սրանք էն կանգառասրահներն են, որից որ ամենաշատ մարդն է օգտվում, հիմնականում դրանք գտնվում են Կենտրոն վարչական շրջանում, այսինքն՝ ամենաշատ մարդկանց կուտակումները, ավտոբուսների կուտակումները որտեղ որ ունենք, առաջնահերթությունը էդպես է որոշվում: Էս պահի դրությամբ մոտավորապես 40 կանգառասրահներում ունենք այս ծրագիրը իրականացված», - ասաց Ավինյանը:

Այս իշխանությունների գլխավոր խոստումներից մեկին՝ մետրոյի Աջափնյակ կայարանին նույնպես քաղաքացիները մի քանի տարի կսպասեն: Շինարարության մոտալուտ մեկնարկն արդեն մի քանի ազդարարող քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի թաքցնում՝ 3-4 տարի անց էլ առայժմ չմեկնարկած շինարարությունը դեռ ընթացքի մեջ կլինի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG