Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման առաջընթացը փոխում է տարածաշրջանի քաղաքական և տնտեսական լանդշաֆտը, այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Report ադրբեջանական կայքին տված հարցազրույցում։
Ըստ եվրոպացի պաշտոնյայի, որն անցած շաբաթներին տարածաշրջանի երկրներ է այցելել, «տասնամյակների ընթացքում առաջին անգամ տարածաշրջանն ունի իրական հնարավորություն բացելու Եվրոպան և Ասիան կապող առևտրային և տրանսպորտային ուղիները»։
«Եվրոպայից մինչև Չինաստանի սահմանները երկրները գիտակցում են այս պահի կարևորությունը», - ընդգծել է Կոսը և նշել, որ ԵՄ անդամ պետությունները մտադիր են փոխգործակցության նոր ենթակառուցվածք ստեղծել առևտրի, էներգիայի աղբյուրների ավելի մեծ ընտրության, ազատության համար։
«Կոնկրետ համագործակցությունը, փոխկապակցված շուկաները և փոխկապակցված հասարակությունները կարող են ամրապնդել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը», - ադրրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը: