Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական լրատվամիջոցները նորանոր մանրամասներ են հրապարակում Ադրբեջանի երբեմնի ազդեցիկ պաշտոնյային՝ 87-ամյա Ռամիզ Մեհդիևին վերագրվող հանցանքների մասին, պնդելով, թե Հեյդար և Իլհամ Ալիևների օրոք իշխանությունում առանցքային դեր զբաղեցրած գործիչը դավադրություն է կազմակերպել։ Օրեր առաջ չորս ամսով տնային կալանքի դատապարտված Մեհդիևին արդեն իշխանության զավթման և պետական դավաճանության մեղադրանքներ են առաջադրվել։ Շաբաթվա վերջին էլ նա զրկվեց Ադրբեջանի Անվտանգության խորհրդի անդամությունից։
Պետական ապարատում երկարամյա փորձ ունեցող Մեհդիևը մոտ երեք տասնամյակ ղեկավարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմը և միայն 44-օրյա պատերազմից մեկ տարի առաջ պաշտոնանկ արվել:
Պաշտոնական աղբյուրները դեռ սակավախոս են, սակայն իշխանությունների կողմից խստորեն վերահսկվող մամուլը հաղորդում է, թե ինչպես է բացահայտվել գորշ կարդինալի անունը վաստակած երբեմնի ազդեցիկ պաշտոնյանի պետական հեղաշրջման ծրագիրը։
APA գործակալության ձևակերպմամբ՝ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի արդեն նախկին անդամը փորձել է պետական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանի աջակցությամբ։ Համաձայն այդ սցենարի՝ Մեհդիևը փորձել է օգուտ քաղել Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների սրացումից, որ սկսվեց անցած տարվա դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ Մեհդիևն իր կապերով, վաղեմի ընկերների միջոցով Մոսկվային փոխանցել է` պետական հեղաշրջման պլանն արդեն կա, ակնկալում է Ռուսաստանի աջակցությանը։
Իսկ ի՞նչ էր պատրաստվում անել 87-ամյա նախկին բյուրոկրատը։ Ադրբեջանական մամուլն իր հավաստի աղբյուրներին հղում անելով գրում է՝ Մեհդիևը ռուսական կողմին առաջարկում էր հեղաշրջումից հետո ստեղծել ժամանակավոր մարմին, որն էլ կկառավարեր ինքը։ Ավելին, կար նաև հստակ անուների ցուցակ՝ մարդիկ, որ պատրաստ էին միանալ հեղաշրջման այս փորձին։ Թե ովքեր էին, որևէ հոդվածում որևէ հստակ տվյալ չի նշվում։
Ուշագրավ է, թե ինչպես են ադրբեջանցիները բացահայտել իրենց ձևակերպմամբ պետական հեղաշրջման այս փորձը։ Ըստ նույն աղբյուրների՝ հենց ռուսներն են Բաքվին տեղեկացրել Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի նպատակների մասին, ու դեպքն էլ տեղի է ունեցել բոլորովին վերջրես՝ Դուշանբեում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ։ Ադրբեջանական APA լրատվամիջոցն այստեղ նաև սեփական եզրակացությունն է արել, թե Մեհդիևը իր համառությամբ թերևս հոգնեցրել էր Ռուսաստանին, և Մոսկվան էլ որոշել է նրա «անհեռանկար ծրագրի» մասին պատմել Ալիևին։
Ռուսական աղբյումներում, սակայն, այս լուրը ո՛չ հերքվել, ո՛չ հաստատվել է։
Իսկ ադրբեջական մամուլը շտապում է հիշեցնել, թե ինչ սերտ ու ջերմ էին Մոսկվայի հետ Մեհդիևի կապերը, որ դեռ Խորհրդային Միության տարիներից համարվում էր լրտեսական ցանցի անդամ։
Ի դեպ, տարիներ առաջ, Ռամիզ Մեհդիևին հեռացնելով պետական ապարատից, Իլհամ Ալիևը նրան գործուղել էր Գիտությունների ազգային ակադեմիա, որը, սակայն, նա երեք տարի անց ստիպված էր լքել։ Մամուլը հիմա ջրի երես է հանել տեղեկություններ, թե ինչեր են տեղի ունեցել գիտական այս կառույցում Մեհդիևի նախագահության օրոք։ Պարզել են՝ ակադեմիան քաղաքական նպատակներով է օգտագործել, ու հենց դա էլ վրդովեցրել է ինտիտուտներին, ու պահանջել են նրա հրաժարականը։ Մի քրեական գործ էլ այստեղ է Մեհդիևի դեմ հարուցվել՝ որպես ակադեմիայի ղեկավար պաշտոնավարման ընթացքում թույլ տրված խախտումների համար։
Մեհդիևի ընտանիքն էլ չի վրիպել իրավապահների ուշադրությունից․ հարյուրավոր հեկտար հողատարածքները, անթիվ անշարժ գույքերը, բանկերում ու խոշոր ընկերություններում բաժնեմասերը այսօր մեկեն հարցեր են առաջացրել իրավապահների մոտ։
Ու սա դեռ վերջը չէ։ Երեք տասնամյակ շարունակ Ալիևների մերձավոր շրջանակում իր տեղն ամրագրած Մեհդիևին դատարանը կարող է զրկել նաև այդ ընթացքում ստացած պատվավոր կոչումներից և պետական պարգևներից։ Դրանցից ամենաթարմը Հեյդար Ալիևի շքանշանն է, որն ազդեցիկ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ստացել էր 2019 թվականին՝ Ադրբեջանում պետական կառավարման ու գիտության զարգացման ոլորտներում բեղմնավոր և երկարատև հատուկ ծառայությունների համար։
Այս քրեական գործերից ու մեղադրանքներից որևէ մեկի մասին Մեհդիևի երկարամյա պաշտոնավարման ընթացքում երբևէ իրավապահները որևէ բառ չէին հիշատակել։