Մամուլի ազատության համաշխարհային սանդղակում 34-րդ տեղում գտնվող Հայաստանում լրագրողների աշխատանքը կրկին սահմանափակվում է, այս անգամ՝ Երևանի քաղաքապետարանում։
Վերջին փոփոխությամբ՝ քաղաքապետարանի նիստերի դահլիճը ֆիզիկապես առանձնացվել է նախասրահից՝ ապակե պատով, ինչը գործնականում լրագրողների համար անհնար է դարձնում նիստերի բնականոն լուսաբանումը։ Լրագրողներն այսօրվանից զրկված են նիստերի ժամանակ հնչող խոսքը լսելու հնարավորությունից, եթե անջատվի ուղիղ հեռարձակումը: Չեն կարող նաև որակյալ լուսանկարներ կամ տեսաձայնագրություն անել: Այս փոփոխությունը ոչ միայն խոչընդոտում է թափանցիկ կառավարման հիմնարար սկզբունքը, այլ նաև վտանգում է հանրության՝ տեղեկացված լինելու իրավունքը, կարծում է քաղաքային իշխանության աշխատանքը լուսաբանող «Ֆակտոր TV»-ի լրագրող Արփի Հակոբյանը:
«Լրագրողներն իրավունք չունեն նիստերի ընթացքում, օրինակ, մտնել դահլիճ և այդտեղից լուսաբանում իրականացնել, և երբ հաճախ նիստերի դահլիճում իրավիճակը լարվում է, հայհոյանքներ են հնչում, անպարկեշտ արտահայտություններ են հնչում, հաճախ ուղիղ հեռարձակումն անջատվում է, կամ նիստը վարողը՝ տվյալ դեպքում հիմնականում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հրահանգում է անջատել խոսափողները, և տվյալ դեպքում ուղիղ հեռարձակումը դիտող քաղաքացին չի տեսնում և չի հասկանում՝ ինչ է կատարվում նիստերի դահլիճում», - ասաց լրագրողը:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան չգիտի՝ ով է նման որոշում կայացրել, հավատացնում է՝ ինքը չէ, բայց իր մոտեցումն ունի. «Նիստը տեսաձայնագրվում է, և քաղաքապետն ինչ-որ պահի կարող է որոշել, որ նիստը չպետք է այլևս տեսաձայնագվի, որովհետև հեռարձակման իմաստը, եկեք բովանդակային նայենք, ես հասկանում եմ, որ կարող է ձեր նյութերի բովանդակության առումով հետաքրքիր է, թե մարդիկ ոնց են վիճում, բայց նիստերի իմաստն այն է, որ քաղաքացիներն իրազեկված լինեն, թե ինչ է քննարկվում, ինչ որոշումներ են կայացվում, ինչ տեսակետներ կան բովանդակային, նիստերը չեն հեռարձակվում, որ մեր ժողովուրդը տեսնի, թե ինչպես են որոշ ավագանիներ, իմ կարծիքով, ավագանու համար ոչ վայել վարքագիծ դրսևորում»:
Նորահայտ պատնեշը զրկում է լրագրողներին հանրությանը տեղեկություն փոխանցել հատկապես այն թեմաների մասին, որոնք քաղաքային իշխանությունները չեն ցանկանում, որ դուրս գան շենքի պատերից, կարծում են լրագրողները: Ըստ նրանց՝ այս քայլով փաստվում է, որ քաղաքային իշխանությունը նպատակ ունի հանրությանը փոխանցել այն, ինչ իրենք են որոշում հրապարակել։ Ինչ վերաբերում է իշխանության պարզաբանումներին, թե հանրությունը միշտ էլ տարբերակ ունի տեղեկություն ստանալու, օրինակ՝ ավագանու անդամները ներսից նկարում են, լրագրողները հակադարձում են՝ իրենք պարզապես դիտորդ չեն:
24news.am-ի լրագրող Մերի Մանուկյանն ասում է. «Եթե իրենք պատճառաբանում են, որ չեն ուզում՝ հանրությունը տեսնի, թե բովանդակությունից զատ, այստեղ ինչ է տեղի ունենում, ուրեմն, պիտի զսպեն այդ ամեն ինչը, թույլ չտան, որ դա տեղի ունենա, դրանից հետո եկող իրադարձություններում արդեն իսկ լրագրողներին կամ լրատվամիջոցներին սահմանափակել, որ դուք սա մի լուսաբանեք, կամ հնարավոր է արտահայտություններ թույլ տան, որը մեր սրտով չէ, կներեք, բայց լրատվամիջոցները ձեր սրտով պիտի չառաջնորդվեն»:
Քաղաքային իշխանության նիստերը տեղից լուսաբանող լրագրողները հիշեցրին, որ քաղաքապետարանում լրագրողների մասնակցությամբ որևէ միջադեպ չի եղել. բոլորը ենթարկվել են քաղաքային իշխանության գծած խաղի կանոններին:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում, տեսանյութը՝ քիչ հետո