Անհետ կորածների հարազատները երեկվանից փակ են պահում Բաղրամյան պողոտան։ Այն երկկողմանի փակ է:
Այս պահին նրանց լսելու համար հանդիպելու է եկել ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, երեկ «Ազատությանն» ասել էր, որ իրենց գլխավոր պահանջն է վերականգնել պաշտոնում ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին: Աբազյանի պաշտոնանկության մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան:
Անհետ կորածների հարազատները այսօր հայտարարեցին՝ պահանջում են, որ իրենց հետ հանդիպի ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը: Իրենց պահանջը փոխանցեցին նաև ոստիկանության պետի տեղակալին։
Արսեն Ղուկասյանը և մյուսները մտահոգություն ունեն, որ նրա պաշտոնանկությունից հետո որևէ մեկը գործուն քայլեր չի անի անհետ կորածների հարցերով, և հարցը կմտնի փակուղի:
Արմեն Աբազայանը գլխավորում էր անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Ըստ Ղուկասյանի՝ Աբազյանն իրենց վստահեցրել է, որ մինչև վերջ իրենց կողքին է լինելու:
ԱԱԾ հակահետախուզության պետ Դավիթ Սանամյանը, փոխոստիկանապետ Դավիթ Խուդինյանը երեկ տեղում էին, սակայն փաստացի բանակցություններն արդյունք չեն տվել:
Վարչապետ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, «կա ինստիտուտ և ինստիտուցիոնալ կառույց»:
Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 191-ը։