Արմեն Աբազյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)
տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկանում են e-gov.am-ից: Պատճառների մասին չի նշվում:
ԱԱԾ տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին, նշված է վարչապետի որոշման մեջ:
Ամեն Աբազյանը վարչապետ Փաշինյանի կառավարության օրոք 5-րդ ԱԱԾ տնօրենն էր: Նա այդ պաշտոնում է նշանակվել 2020 թվականի նոյեմբերին, մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: Արմեն Աբազյանը 1999-2020թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ: 2020-ի օգոստոսին նախագահի հրամանագրով նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
«Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց. - «Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020-ի նոյեմբերից: Կարծում եմ՝ արժանացել է, որ մի քիչ հանգստանա, 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է, կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չէ», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցի:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ «արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը կապ ունի՞ նախօրեին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացվող գործողությունների և եկեղեցու վերաբերյալ Ձեր գրառումների հետ»:
«Ձեր նշած հանգամանքների հետ... ուղղակի կապ ունի ի՛մ նշած հանգամանքների հետ: Իսկ առհասարակ ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն, ինչ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային անվտանգությանը», - ընդգծեց Փաշինյանը:
«Ազատության» դիտարկմանը՝ Աբազյանը հրաժարվե՞լ է որևէ հանձնարարություն կատարել, վարչապետն արձագանքեց. - «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել»:
Աբազյանի պաշտոնից ազատումը հաջորդում է նախօրեին ԱԱԾ աշխատակիցների կողմից ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատան խուզարկությանը և մեղադրանքի առաջադրմանը:
Իրավապահների այցից առաջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը Մայր Աթոռի մոտից պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին. - «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:
Մեկ ժամ անց վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանքեց այս հայտարարությանը. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: