Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջում է, որ սիրիացի քրդերը վայր դնեն զենքերը և ընդունեն պաշտոնական Դամասկոսի գերակայությունը։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Հետագա արյունահեղությունից խուսափելու համար Սիրիայի հյուսիսային շրջաններում գործող ահաբեկչական կազմակերպությունը պետք է վայր դնի զենքերը և հայտարարի ինքնալուծարման մասին։ Նրանց կողմից հետագա սադրանքները հավասարազոր կլինեն ինքնասպանության», - հայտարարել է Էրդողանը։
Սիրիայի կառավարական բանակը նախօրեին շարունակում էր հարձակումը քրդաբնակ շրջանների ուղղությամբ։ Դրան ի պատասխան Սիրիայի հյուսիսի քրդական վարչակազմը համընդհանուր զորահավաք է հայտարարել։