Մատչելիության հղումներ

«Վերջին իրադարձությունները վերջին կաթիլն էր». ինչու հրաժարական տվեց Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Գագիկ Սարգսյան, արխիվ
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Գագիկ Սարգսյան, արխիվ

Արդյո՞ք հայ դահուկորդի շուրջ սկանդալն էր պատճառը, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ղեկավար Գագիկ Սարգսյանը հրաժարական տվեց։ Սարգսյանն ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակած Միքայել Միքայելյանին։

«Ուղղակի վերջին իրադարձությունները դա վերջին կաթիլն էր», - հայտարարում է Սարգսյանը:

Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալությունը գլխավոր հովանավորներից էր, հայ դահուկորդն իր արարքի համար տուգանվելու է։

Սպորտային այս սկանդալից մեկ շաբաթ անց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հստակ ասել էր՝ սպորտը պետք է մնա սպորտ։

«Կարևոր է, որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին», - հայտարարել էր Անդրեասյանը:

Իտալիայում տեղի ունեցածն առիթ դարձավ, որ Սարգսյանը նաև ոլորտի այլ խնդիրների մասին բարձրաձայնի։ «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ նա կոշտ քննադատել էր պետական կառույցների անտարբերությունը դահուկային սպորտի նկատմամբ։ Պնդում է, որ հեռանում է սեփական կամքով, ոչ միայն ճնշում, անգամ որևէ արձագանք չի եղել նախարարությունից. - «Քար լռություն»:

Երկու տասնամյակ ֆեդերացիայում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Սարգսյանն այսօր փակագծեր բացեց՝ բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները տեղ չեն հասնում, սպորտի համար պայքարը դարձել է պայքար հողմաղացների դեմ:

«Այսօր արդեն հունվարի 21-ն է, և մինչ օրս կնքված չէ պայմանագիրը պետական բյուջեի հատկացումների, իսկ մենք ձմեռային մարզաձևեր ենք և արդեն ձմեռվա կեսը հատում ենք և ունենք արդեն չեղարկված և ձախողված մարզական միջոցառումներ, ընդհուպ նաև՝ միջազգային վարկանիշային մրցաշարի մասնակցություն, և դեռ հայտնի չէ, թե պայմանագիրը երբ կբարեհաճեն կնքել ... Եվ էդպես շարունակ տարիներ... », - ընդգծեց Դահուկային ֆեդերացիայի արդեն նախկին նախագահը:

Մեկ դահուկորդին բարձրակարգ գույքով ու հանդերձանքով պատշաճ պատրաստելու համար, ըստ Սարգսյանի, անհրաժեշտ է 5 միլիոն դրամ։ Ֆեդերացիայի նախորդ տարվա բյուջեն 13 միլիոնից մի փոքր ավելին է եղել, սակայն պնդում է, որ հիմնական միջոցները հայթաթել են դրսից, ավելին՝ 9 միլիոն էլ հարկեր ու տուրքեր են վճարել։

«Բյուջետային տարում եղել է 13 միլիոն 300 հազար դրամի կարգի, մի փոքր երևի ավել, և այդ գումարը ընդամենը նախատեսված է լինում և հազիվ բավականացնում է Հայաստանի առաջնությունները անելու, աշխարհի առաջնություններին ներկայանալու, և այլն», - ասաց Գագիկ Սարգսյանը՝ շարունակելով. - «Պատկերացրեք՝ թիմը գնում է աշխարհի առաջնության, և հավաքականի գլխավոր մարզիչը միևնույն ժամանակ նաև դահուկները պատրաստողն է, դահուկները փորձարկողն է, դահուկները քսուքով ապահովողն է, ֆիզիոթերապևտն է, բժիշկն է, հոգեբանն է: Սա է մոտեցումը»:

Ի դեպ, մարտին աշխարհի առաջնությունն է, ու ֆեդերացիայի արդեն նախկին նախագահի պնդմամբ՝ մարզիկները չգիտեն՝ գնալու են, չեն գնալու...

«Ուղղակի անհնար էր նման ձևով շարունակել՝ նյարդեր քայքայելով, ժամանակդ ծախսում ես՝ փորձելով տեխնիկական խնդիրների լուծում գտնել մի բանի, որը որ իրականում չպետք է լինի», - ընդգծեց Սարգսյանը:

Մեղադրանքները կեղծ են, ավելին՝ ուղղորդված են. ԿԳՄՍ նախարար

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հայտարարել է, որ հնչող մեղադրանքները կեղծ են, ավելին՝ ուղղորդված են, չնշելով, սակայն, թե ում կողմից։ Ժաննա Անդրեասյանը պնդել է, որ սպորտի ոլորտում ֆինանսավորումն անգամներով է աճել։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, արխիվ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, արխիվ

«Բոլոր ձմեռային մարզաձևի ֆեդերացիաները ստացել են սահմանված աջակցությունը ֆինանսավորման կարգով: Ինչ վերաբերում է կոնկրետ դահուկային սպորտին, նաև հավելյա՛լ աջակցություն է տրվել տարվա ընթացքում մասնավորի հետ համագործակցությամբ: Այս տարի Դահուկային սպորտի ֆեդերացիայի ֆինանսավորումը աճել է շուրջ 18 տոկոսով: Եվ հետևաբար՝ այս բոլոր խոսակցությունները ուղղակի տեղին չեն, չեն համապատասխանում իրականությանը և բացահայտում են հավելյալ օրակարգեր, որոնք ամեն ինչի մասին են, բայց ոչ սպորտի», - ասել է նախարարը:

«Բացի այդ, այս տարի մենք հավելյալ ֆինանսավորում ենք տրամադրում ձմեռային մարզաձևերի ևս մեկ ֆեդերացիայի, որը Դահուկային լեռնագնացության ֆեդերացիան է: Ու ձմեռային մարզաձևերի զարգացումը մեր օրակարգում է որպես առաջնահերթ ու կարևոր խնդիր», - վստահեցրել է Անդրեասյանը:

Նախարարի հայտարարությունից առաջ «Ազատություն»-ը դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը՝ մասնավորապես խնդրելով հայտնել՝ որքա՞ն է դահուկային սպորտի պետական ֆինանսավորման չափն ու փաստացի ինչքա՞ն է փոխանցվել այս տարի ֆեդերացիային։ Եթե ֆինանսավորումը չի իրականացվել ամբողջությամբ, ո՞ր փուլում և ի՞նչ պատճառաբանությամբ է գործընթացը կանգ առել։ Արդյոք նախարարությունն ունի՞ հաստատված ռազմավարություն ձմեռային սպորտաձևերի, մասնավորապես դահուկային սպորտի զարգացման ուղղությամբ, և եթե այո՝ ինչո՞վ է գերատեսչությունը բացատրում ֆեդերացիայի նախագահի հայտարարությունները ոլորտի նկատմամբ լիակատար անուշադրության մասին։ Պատասխանը դեռ չենք ստացել։


XS
SM
MD
LG