Մատչելիության հղումներ

Վիզաների ազատականացման բանակցություններին զուգահեռ՝ հերթեր, մերժումներ


Վիզաների կենտրոն Երևանում, արխիվ
Վիզաների կենտրոն Երևանում, արխիվ

«Հաճախ նաև մերժումները սուբյեկտիվ պատճառներով կարող են լինել, դա ես տեսել եմ անձամբ». - վերջին կես տարում Եվրամիության երկու տարբեր երկրներ մերժել են մուտքի արտոնագիր տրամադրել Գայանե Աբրահամյանի չափահաս դստերն ու ամուսնուն, ընդ որում՝ Աբրահամյանի նկարիչ ամուսինը Լեհաստան էր մեկնում գործնական այցով։

«Բայց ամուսինս միշտ ճամփորդել է, և ոչ միայն ուղղակի ճամփորդել է, այլ ցուցահանդեսներ է ունեցել Իսպանիայում, Լեհաստանում, Փարիզում: Այս անգամ, վստահ լինելով, որ վիզայի խնդիր չի լինի, օրը վերցրեցինք, վերջում մերժեցին՝ բացարձակ անհեթեթ պատճառաբանությամբ, ընդ որում՝ ոչ միայն իրեն մերժեցին, այլ նաև՝ մեծ աղջկաս, որը ևս էլի բազմաթիվ տարբեր ծրագրերով այցեր է ունեցել», - նշեց Աբրահամյանը:

«Ազատության» հետ զրույցում այլ մարդիկ էլ են պատմել Եվրամիության երկրներից Շենգենյան վիզաների հերթերի կամ մերժումների մասին, ընդ որում՝ բոլորն էլ բազմիցս ճամփորդել են, ներկայացրել են պահանջվող փաստաթղթերի ամբողջ շարքը և այլն։ Հատկապես մերժվելուց հետո շատերը չեն ցանկանում խոսել տեսախցիկի առջև, իսկ մյուսները բարձրաձայնում են շարունակ հերթ կանգնելու խնդրի մասին։

«Ես ունեցել եմ կարճ ժամկետով, ունեցել եմ մեկ տարի ժամկետով, ու մեկ տարուց հետո հաջորդ տարի նորից նույն երկրի համար դիմում եմ՝ անհասկանալի աբսուրդ ժամկետ են նորից նշում, այսինքն՝ երեք ամսով մուլտի են տալիս 90 օրվա մուտքով: Այսինքն՝ այստեղ որևիցե դեսպանատուն կամ տուրիստական ընկերություն չի կարող նշել, որ քաղաքացին երեք ամսով կարող է գնալ ման գալու. մենք նման ոչ հնարավորություն ունենք ավելի շատ, ոչ էլ նման տուրեր կան երեք ամսով շրջագայելու». - Տիգրան Քեյանի համար պարզ չէ՝ եթե ինքն ու ընտանիքը շարունակ ճամփորդում են ու հաճախ դիմում նույն՝ Իսպանիայի դեսպանատուն, ինչո՞ւ վերջապես չեն ստանում երկաժամկետ վիզա, որ տարվա ընթացքում ստիպված չլինեն երկու անգամ դիմել, դեռ մի բան էլ ավելացնել հյուպատոսական ծառայության ծանրաբեռնվածությունը իրենց դիմումով։

«Ես միշտ դիմել եմ իմ ընտանիքի կազմով, միշտ ստացել եմ իմ ընտանիքի կազմով՝ երկու երեխաս և կինս, և միշտ, ամեն դիմելուց ես իրենց վճարում եմ երևի մոտ 160 հազար դրամ գումար», - ընդգծեց քաղաքացին:

Քեյանը տպավորություն ունի, թե վիզաների կենտրոններն ու հյուպատոսական ծառայությունները ցանկանում են, որ նույն մարդիկ կրկին ու կրկին դիմեն և համապատասխանաբար վճարեն. - «Տեսնելով, որ մարդը ամեն տարի գնում է ու տարին մի քանի անգամ, ասում են՝ «թող տարին մի անգամ մեզ դիմի», որովհետև իրենք ունեն նաև հերթի ինչ-որ շուտ գրանցվելու վճար... Դրանք բոլորը գումարներ աշխատելու միջոց են՝ «ինչո՞ւ պարապ նստենք, մեր շուկան փոքր է՝ եթե մի 10 հոգի են, էդ 10 հոգին թող 10 անգամ մեզ դիմի՝ ավելի շատ վճարի»:

Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն անցյալ ամիս «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ մարդկանց ակնկալիքները դյուրացված կարգով Եվրամիության մուտքի արտոնագրեր ստանալու համար տեղին են, բայց չէր հայտնել՝ առաջիկայում այս խնդրի կլուծվի՞, թե՞ ոչ։

«Մենք գիտենք, որ այս հարցում կան մարտահրավերներ, բայց մենք փորձում ենք գտնել լավագույն լուծումները, որպեսզի այդքան շատ մտահոգություններ չլինեն։ Այս մտահոգությունները շատ տեղին են։ Ու մենք աշխատում ենք դրանց վրա», - ասել էր Մարագոսը:

Երևանն ու Բրյուսելը սեպտեմբերին հայտնեցին վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Սակայն այլ երկրների՝ այդ թվում Վրաստանի ու Մոլդովայի փորձը հաշվի առնելով, այդ գործընթացը կարող է տվել 3-5 տարի։
Այժմ հարց է առաջանում` կփորձե՞ն արդյոք Եվրամիության երկրները մուտքի արտոնագրեր ստանալու գործընթացը պակաս սթրեսային դարձնել Հայաստանի քաղաքացիների համար մինչև հնարավոր ազատականացումը։

Լուծումներ կան

«Իսկապես սա խնդիր է, այսինքն՝ խնդիր է նաև հենց նույն Եվրամիության անդամ երկրների նկատմամբ հանրության ակնկալիքների, այդպես բավական արդեն իսկ ձևավորված նաև ջերմ հարաբերությունների և ակնկալիքների պահանջը չբավարարելու տեսանկյունից: Այսինքն՝ երբ մարդիկ իսկապես ուզում են գնալ կամ գործնական ինչ-որ հարցեր ունեն և որևէ կերպ այդ թույլտվությունը չեն ստանում», - ընդգծեց Գայանե Աբրահամյանը:

Քաղհասարակության ներկայացուցիչների ու Եվրամիության դեսպանների հետ հանդիպումների ընթացքում «Հանուն հավասար իրավունքների» կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանն խոսել է նաև վիզաներ ստանալու հերթերի ու մյուս խնդիրներ մասին, ասում է՝ տեղյակ է, որ հերթերի գոյացմանը նպաստում են նաև զբոսաշրջային ընկերությունները, բայց վստահ է՝ հնարավոր լուծումներ կան, օրինակ՝ ԱՄՆ դեսպանատունը հերթեր չգոյացնելու համար մարդկանց միանգամից երկարաժամկետ արտոնագրեր է տալիս:

«Կամ գոնե ավելի երկար վիզաներ պիտի տան, որ նաև իրենց համար էդ բեռը նվազի, որովհետև տալիս են հաճախ, օրինակ, ասենք միայն այցի ժամկետով՝ անգամ ոչ մեկ ամիս, այլ՝ 15 օր, 14 օր և այլն, որը հետագայում նորից էլի իրենց բեռն է ավելացնում», - նշեց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավարը:

Բյուջետային՝ ավելի մատչելի ավիաընկերությունների Հայաստան մուտք գործելուց հետո ՀՀ քաղաղաքացիներն ավելի շատ են ճամփորդում, բայց հայկական անձնագրերով «Զվարթնոց»-ից մարդկանց ելքի ու մուտքի թվերը կտրուկ չեն տարբերվում 10 տարի առաջվա ցուցանիշներից. օրինակ՝ 2022-ին «Զվարթնոց»-ով սահմանը հատել է 587 հազար Հայաստանի քաղաքացի, 2012-ին՝ 475 հազար, տարբերությունը 112 հազար է, 2023-ի ու 2013-ի համեմատությամբ ճամփորդողների թվի տարբերությունը՝ 249 հազար, սակայն չի կարելի ասել, թե այս բոլոր մարդիկ ճամփորդել են Եվրամիության երկրներ, քանի որ Ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացնում է սահմանահատումների թիվը, ոչ թե վիճակագրություն, թե մարդիկ որ երկրներ են գնում։

XS
SM
MD
LG