Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո օժանդակություն հատկացնելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Այս մասին այսօր Սլովենիայի արտաքին հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցին, թե կա՞ երկիր, որ ընդդիմանում է:
«Հուսով ենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի», - նշեց նախարարը:
Տանյա Ֆայոնն, իր հերթին, ասաց, որ Սլովենիան աջակցում է այդ առաջարկին, որը ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ներկայացրել էր ԵՄ խորհրդին անցած ամիս։
Սլովենիայի և Հայաստանի արտգործնախարարները, սակայն, չպատասխանեցին հարցին, թե կա արդյոք այս օժանդակության դեմ հանդես եկող երկիր:
Ադրբեջանի նախագահի հետ սերտ հարաբերություններով հայտնի Հունգարիան, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է որոշումը, ավելի վաղ հայտնել էին «Ազատության» աղբյուրները։
Բուդապեշտը նույն կերպ էր վարվել նաև անցած տարի, երբ Եվրամիությունը առաջին անգամ սկսեց քննարկել Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո տրամադրելու հարցը։ Այն ժամանակ Բուդապեշտը պահանջել էր, որ ծրագրում նաև Ադրբեջանը ներառվի։ Շաբաթներ շարունակված դռնփակ բանակցություններից հետո, սակայն, եվրոպացի դիվանագետներին հաջողվել էր հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը: